‘
«Եթե պայքարում ես հանուն հայրենիքի, ապա պայքարի ցանկացած միջոց արդար է»։
Կտրականապես դեմ եմ այս կարգի ու սրանից ավելի կատաղի դատողություններին, բայց սրանց վտանգների ու դիվայնության մասին՝ գուցե հետո։
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եւ Ֆեյսբուքն արդեն իսկ վաղ առավոտից եռում է։ Գերակշռողը վայրահաչոցներն են, ու զարմանալի բան չկա՝ «լայնաճակատ» տգիտությունը, գռեհկությունն ու անմեղսունակությունն անհամեմատ կենսունակ են տրամաբանված, հիմնավորված խոսքից, որովհետեւ երկրորդի դեպքում մտածում ես, կշռադատում ես, ընթացքում նաեւ կասկածում ես՝ նոր միայն միտքդ բարձրաձայնում ես, իսկ առաջինի դեպքում ուղեղը շարժելու կարիք չկա՝ աչքերդ փակում ես ու բարբաջում։
Միշտ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ միայն արյունռուշտ գազանին, սադիստին եւ մեկ էլ Հայաստան պետության ու Հայաստանի քաղաքացու ոխերիմ թշնամիներին կարող է հրճվանք պատճառել 1999-ի հոկտեմբերի 27-ի կոտորածը։
Բայց հիմա մտադիր եմ խոր շունչ քաշել, սառնասրտությանս մի քանի փշուրը ի մի բերել ու սեւ Հոկտեմբերի 27-ը «հանուն հայրենիքի» արդարացնողների արգահատելի ֆոնին քննարկել ինձ ատելի ու մերժելի վերոգրյալ սրտապատառ «տեսությունը»։
Մեծ դժվարությամբ ենթադրենք, որ հանուն հայրենիքի ցանկացած պայքարի միջոց արդարացված է։ Ենթադրենք նույնիսկ, որ Վազգեն Սարգսյանն էր խոչընդոտում մեր հաղթական սլացքը (ներիր, Վազգեն ջան)։ Ենթադրենք՝ Հունանյան կոչեցյալը ոչ թե իր արատավոր ընտանիքի բոլոր բարդույթները հոգում կուտակած, «հայրենասիրության բարդույթն» իր վտիտ ուսերին առած, կասկածելի կենսագրությամբ ինչ-որ անհասկանալի արարած էր, որը մտադիր էր իշխանությունը զավթել եւ գնդակահարել գետում լվացք անող բոլոր կանանց, այլ՝ «հուր հեր» ունեցող մի «խարտյաշ պատանեկիկ» էր, աչքերն էլ՝ «արեգակունք»։ Ենթադրենք նաեւ, որ Ազգային ժողովի սպանդն իրականացվել էր մեր երկիրը փրկելու համար, ոչ թե՝ միմիա՛յն իրենց պատվիրատուների իշխանությունն ամրապնդելու ու մի քանի պաշտոն էլ իրենց նման «հերոսների» համար փախցնելու։
Այս զառանցանքն էլ ենթադրեցինք։ «Նպատակն արդարացնում է միջոցը» ֆաշիստաբարո տեսության կողմնակիցները պե՛տք է որ շարունակեին «նարկոման ռոմանտիկներին» հերոս համարել, եթե Հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանն իրոք «վագրային թռիչքներով» հաջողությունների հասներ, Բաքվում «չայ խմեր», թեքվեր՝ ձեռի հետ Նախիջեւանն էլ գրավեր, արդարադատությունը հաղթանակեր Հայաստանում, ընտրություններն ընթանային ազատ, արդար եւ թափանցիկ, իշխանությունները մինչեւ ոսկրածուծը չհոշոտեին երկիրը, չթալանեին ժողովրդին, աղքատությունը քաղցկեղի պես մագիլները չտարածեր երկրով մեկ, Հայաստանի հուսահատ ու ապագա չտեսնող քաղաքացիները չարտագաղթեին (ո՞ր մի աննորմալը կարտագաղթի դրախտից), Պողոս Պողոսյանին «պրիվետռոբ» ասելու համար օրը ցերեկով շանսատակ չանեին «Պապլավոկում», ու ոչ մի մարդասպան նույնիսկ 15 օր չազատազրկվեր, իրար չհաջորդեին քաղաքական սպանությունները, Մարտի 1-ին անզեն ժողովրդի վրա չկրակեին, առնվազն տասը մարդու չգնդակահարեին, եւ որպես «պատիժ»՝ Քոչարյան Ռոբերտն ապրեր փադիշահի պես ու կալահարիներում սպանված կենդանիներ «հեծներ», իսկ արյան վրայով իշխանություն զավթած նրա ժառանգորդը Հայոց երկնակամարում չուրվագծեր սովետական «պալիտբյուրոյական» արեւաճաճանչափայլ ապագան, ապրիլյան երկօրա հրեշավոր պատերազմում հարյուրավոր պատանիների մատաղացու գառների պես «չնվիրաբերեին» հակառակորդին, համապատասխան տարածքն էլ՝ վերադիր, ՀՀ Սահմանադրությունը չդարձնեին ծաղրի առարկա…
Թվարկեցի Հոկտեմբերի 27-ից հետո մեր «հաջողությունների» չնչին տոկոսը։
Այս չնչինն անգամ սահմռկեցնող է։
Եվ Վազգեն Սարգսյանի դիվային սպանությունը մինչ օրս երկրի փրկության գրավական համարողները, առանց մի կաթիլ չափազանցության, Հայաստանի թշնամիներն են, որովհետեւ նրանց անթաքույց հրճվանք է պատճառում մեր պետության գահավիժումը։
Այսքանը։
Խաղաղություն վիրավոր հոգուդ, Վազգեն։
Օրհնվի ծնունդդ։
‘