‘Լիզա Ճաղարյան. Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի’

2506

Ուտող-ուրացող ենք, հո զոռով չի: Օր չկա, որ մեր հոգատար իշխանությունները մեզ զվարճանալու առիթ չտան իրենց մտքի ու խոսքի ճախրանքներով: Գնահատող չկա, երախտագիտության նշույլ չկա Հայաստանի «նամռութ» քաղաքացիների ո՛չ հայացքներում, ո՛չ հոգիներում: Մեկը չի ասում` մեզ համար են էս մարդիկ էսքան ջանք թափում, բութ չեն` հասկանում են, որ հասարակությանը զրկել են ուրախության այլ պատճառներից, եւ անանձնական սիրով տոգորված` ստանձնել են միմոսի դժվարին դերը, որ ՀՀ քաղաքացին չմոռանա` ախր «ծիծա՛ղն է փրկում աշխարհը»:

Զորօրինակ` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Էս մարդը քունուդադար չունի, ոչ ուտում է, ոչ խմում է, ոչ քնում է, ոչ արթնանում է` միայն ժողովրդի մասին է մտածում (մեկը լիներ` հարցներ` էդ ծով հարստությունն ինչի՞ համար ես կուտակել, էս երկրի հողատարածքի հալալ կեսն ինչի՞ ես քեզանով արել, ամեն թաղամասում մի-մի շահնշահական դղյակ ես կառուցել, որ ի՞նչ անես, եթե չես վայելելու ու էդպես անողորմաբար աչքներիս առաջ հալվել-մաշվելու ես ազգի դարդից): Ըհը՛, կոռուպցիայի մայրիկը լացացրել-պրծել է, թալանի տիրոջ մայրիկի հերն անիծել է, աղքատության ականջը ոլորել` մի ոտքի վրա անկյուն է կանգնեցրել, արտագաղթի քոքը կտրել է ու հո ձանձրույթից չի՞ հորանջելու: Հիմա էլ աշխատասեր մ… մրջյունի նման փնտրում ու փնտրում է` հո խնդիրներ չե՞ն մնացել, որ իր հայրական աչքից վրիպել են: Փաստորեն` մնացել են: Ահավադիկ (ինչպես կասեր ազգիս երախտամոռներից մեկը` Հրանտ Տեր-Աբրահամյանը):

-Ամուսնալուծությունները շատացել են, հա՞:

Ինքն է հարցնում` Հովիկ Աբրահամյանը: Ինքը Հայաստանի վարչապետն է: Հասկանալի է` ազգի դարդով տապակվելով դեգերել-դեգերել` եկել-հասել է ԶԱԳՍ-ի դուռը:

-Դա իմ գործունեության արդյունքը չէ:

Պատասխանողը Հովհաննես Մանուկյանն է: Ինքն էլ Հայաստանի արդարադատության նախարարն է: Ով կպնդի, որ ամուսնալուծությունները շատացել են Հովհաննես Մանուկյանի գործունեության արդյունքի «շնորհիվ», չարամտորեն կնպաստի, որ եւս մեկ ընտանիք ամուսնալուծվի Հայաստանում:

-Չեմ ասում` ձեր գործունեության արդյունքն է, ասում եմ` ամեն ինչ պետք է անենք, որ նվազեն:

Ինքն է ասում` Հովիկ Աբրահամյանը: Ինքը Հայաստանի վարչապետն է: Լավ պրծավ Հովհաննես Մանուկյանը, էլ չասեմ` Հովիկ Աբրահամյանի մեծահոգության շնորհիվ մի հայ ընտանիք պահպանեց իր ամրությունը: Վարչապետ մարդ է, կարող էր, չէ՞, ասել` հենց է՛լ ձեր գործունեության արդյունքն է: Հովհաննես Մանուկյանը հո պետության հիմքերը խարխլող ընդդիմադիր չի, որ համառեր, թե` չէ՛, հորս արեւ, ես կապ չունեմ: Հանուն պետականության ամրապնդման, պարզ է, պետք է ի վերջո խոստովաներ, թե ինչը` ոնց ու որտեղ… Սրանցից բխող ծանր հետեւանքներն էլ հայտնի են բոլոր ամուսնալուծված ընտանիքներին:

-Վերլուծություն արեք, որ մի հատ պարզենք, թե ինչու են ավելացել:

Սա է՛լ է Հովիկ Աբրահամյանն ասում: Հայաստանի վարչապետը: Սոցապնախարար Արտեմ Ասատրյանին է ասում: Հովհաննես Մանուկյանը լավ պրծավ: Դե թող ա՛յ էդ Արտեմը խորովվի ու փոթոթվի, թե ինչու են Հայաստանում ամուսնալուծությունները շատացել: Աննախանձելի է էս մարդու վիճակը: Չլինի՞ Հովիկ Աբրահամյանը ծանրակշիռ հիմքեր ունի կասկածելու, որ ամուսնալուծությունների թվի ավելացման մեղավորը սոցապնախարարի «գործունեության արդյունքն» է:

… Հա՛ էլի: Ինչքան մտածում եմ`էդպիսի վատ հոտ է գալիս էս դարդախորով երկխոսությունից: Արտեմ Ասատրյանը չի` դու՛ք եք. ասենք` վերլուծություն արեցիք, ի՞նչ եք պարզելու: Պարզելու եք, որ Հայաստանում շարքային քաղաքացիները բազմաթիվ ծանրագույն սոցիալական խնդիրնե՞ր ունեն, շարքային քաղաքացիները կիսաքա՞ղց են ապրում, շարքային քաղաքացիները բավարար գումա՞ր չունեն, որ իրենց երեխաներին դպրոց ուղարկեն գեղեցիկ հագնված ու կուշտ, շարքային քաղաքացի ամուսիններն ամեն առավոտ տնից դուրս են գալիս ու երեկոյան վերադառնում` անարդարության, ապօրինության, լկտիության, բեսպրեդելի հետ «ջերմ» բախումներից մինչեւ կոկորդները լցված եւ անզորությունից սկսում են իրա՞ր ուտել, ու սերն էդ ընտանիքներից գլուխն առած փախչում է անհայտ ուղղությա՞մբ` այլեւս չվերադառնալու հաստատակամությամբ: Պարզելու եք, որ իր ընտանիքի հոգսերը դրախտային Հայաստանում հոգալ չկարողանալով` ՀՀ քաղաքացիները արտագնա աշխատանքի հույսով լքում են երկիրը եւ ի վերջո` կամ ծվարում են որեւէ ժպտերեսիկ ու փափլիկ Ֆրոսյայի փափլիկ թեւիկների տակ, կամ վերադառնում են «աշխարհի» լավն ու վատը հասկացած, եւ իրենց հոգսի տակ կքած, սմքած, սիրուց ու անկողնուց խռոված կանայք այլեւս իրենց աչքին թանկագին քույրիկ կամ մայրի՞կ են երեւում` լավագույն դեպքում… Իսկ վատագույն դեպքում` դուռը շրխկացնում են իրենց «հետամնաց» կանանց քթի տակ ու գնում ֆրոսյայական հաճույքներ որոնելո՞ւ:

……………………..

Ախր ո՞նց նման բաներ ասի «վերլուծաբան» Արտեմ Ասատրյանը, եթե իր ալտրուիստ շեֆ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի մայրիկը լացացրել-պրծել է, թալանի տիրոջ մայրիկի հերն անիծել է, աղքատության ականջը ոլորել ու մի ոտքի վրա անկյուն է կանգնեցրել, արտագաղթի քոքը կտրել է, ու մեր «Ոսկե քաղաք»-ում բոլորն ապրում են անհոգ, երջանիկ, կուշտուկուռ, եւ հանրապետական մտքի տիտան իշխանությունների լեզվական վարժանքների շնորհիվ առավոտից մինչեւ մյուս առավոտ ծիծաղից ուշաթափվում են:

Չէ, ոնց գցում-բռնում եմ` վերլուծությունը պարզելու է, որ ամուսնալուծությունների թվի ավելացումը սոցապնախարար Արտեմ Ասատրյանի «գործունեության արդյունքն» է:

Շատ անհարմար բան է ստացվում: …Բայց զգացմունքներին մի տրվեք. մի ընտանիք էլ կամուսնալուծվի, բայց դրա փոխարեն` աշխատասեր մ… մրջյունի նման քունուդադար կորցրած Հովիկ Աբրահամյանի «գործունեության արդյունք»-ում կամրապնդվեն Հայաստանի քաղաքացիների ընտանիքների հիմքերը:

Մի բարձի ծերանաք:    

Նախորդ հոդվածը‘Անասնաբույժները շան ստամոքսից 43 հատ գուլպա են հանել’
Հաջորդ հոդվածը‘Սալվադորի նախկին նախագահը ներկայացել է դատարան’