Լիզա Ճաղարյան. Տարբերություն` որքան ուզեք

1289

Արդեն աջից ու ձախից ավելի հաճախ է բարձրաձայնվում, որ Ռոբերտ Քոչարյան–Սերժ Սարգսյան զույգի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարման միջեւ այլեւս տարբերություն չկա։

Համամիտ չեմ, ահագին տարբերություններ կան։

Վերոնշյալ զույգը նորանկախ Հայաստանի առաջին տարիների պատմությունը` հաջողություններն ու հաղթանակները, սեփականաշնորհում էր, անհաջողությունները վերագրում Լեւոն Տեր–Պետրոսյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի կեղծելու եւ խեղաթյուրելու հնարավորությունները լայնարձակ են` մի ողջ երեսնամյակ է նրա «ոտքերի տակ» ու ոնց ուզում է` կոխկռճում է։ Ճիշտ է, ինքն ասում է` ինքն էլ իրեն հերքում է, հետո իր հերքածը հաստատում է, հետո նորից է հերքում, հետո` միաժամանակ ե՛ւ հերքում է, ե՛ւ հաստատում է, բայց դե` կարիք չկա իրար խառնվելու, պրպտուն հեղափոխական է` հնարավորություն է տալիս «հպարտ քաղաքացիներին», որ իրենք կողմնորոշվեն, թե ո՛րը սուտ ասաց, ո՛րը` ճիշտ։

Պետության առաջին դեմքի լուսանկարների «պատադաջումն» առանձնակի դաժանությամբ քննադատող Նիկոլ Փաշինյանի վարչապետացումից հետո պարզվեց, որ ինքն էլ դեմ չէ` ընթացիկ «մեծ առաջնորդի» լուսանկարի բազմացմանը` դրանից բխող սովետահոտ հետեւանքներով։ Բայց մի տարբերություն, այնուամենայնիվ, կա. Փաշինյանի ենթականերին իրենց գլխավերեւներում շեֆի լուսապայծառ պատկերի մեխումը հոգու ճիչի արդյունք է, ոչ թե պարտադրանք` ի տարբերություն նախկինների։ Իսկ թե ինչու է բոլոր ՔՊ–ականների հրավառ հոգիները միաժամանակ ու միանման ճչացել, գիտությունը դեռեւս չի պարզել այդ առեղծվածը։ Բայց կպարզի. հոգեբուժությունը նորանոր բարձունքներ է նվաճում` չվհատվեք։

Դե, ցուցարարներին քաշքշելը, ոստիկանատներ քարշ տալը «բարի, գեղեցիկ ավանդույթ» է, «հեղափոխական» Փաշինյանը դրանով ոչ մեկիս չի զարմացնի։ Բայց ա՛յ` վերոգրյալ հնարամիտ զույգի մտքով չի անցել հպարտությամբ ու բացեիբաց հայտարարել, որ ակցիաների ժամանակ բարձրախոսից օգտվելը արգելվում է օրենքի ողջ խստությամբ, մեծն աննախադեպն այստեղ էլ նրանց «շախ» արեց։ Իսկ որ այսուհետ «Փաշինյան Նիկոլ» անուն–ազգանունը բերանացի արտասանելիս պարտավոր ենք անպայման ընդգծել, որ սույն անձնավորությունը վարչապետ է, սա էլ դասական «մատ» է սովետակոմկուսական հարուստ անցյալ ունեցող զույգին։ Բայց սա դեռ բոլորը չէ` ապագա կա՛, ՀՀ հպարտ քաղաքացիներ, եւ այդ խոստումնալից ապագայում հուրհրում է «մեծարգո»–ն։ Չե՞ք ասի` մեծարգո վարչապետ, զգո՛ւյշ եղեք, «անզգույշ» քաշքշվել կա, երկու կրակոցով ինքնասպանություն կա։  

Վերեւում արդեն ասացի` ահագին տարբերություններ կան նախկինների ու ներկա «հեղափոխականների» միջեւ, այնպես որ` թեման սպառված չէ։

Նախորդ հոդվածըՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Իսլանդիայի հետ (տեսանյութ)