‘
iLur.am-ն այսօր Սերժիկ Սարգսյանի ուրացումների ճոխ շարքից հիշեցրել է անցած-գնացած մի ուրացման մասին եւս:
2000 թվականին Թոմաս դը Վաալի հետ հարցազրույցում ՀՀԿ-ի այժմյան ղեկավարն ասել է. «Ես երբեք ՀՀՇ անդամ չեմ եղել», պնդել է, որ երբեք չի ընտրվել ՀՀՇ-ի ղեկավար մարմիններում (էս մեկը ճիշտ է ասում, առաջադրվել է, բայց անհրաժեշտ ձայներ չի հավաքել): Չմանրամասնեմ. կարճ ասած` Սերժիկ Սարգսյանը ստում է եւ ուրանում իր անցած ճանապարհի այն հատվածը, որը ժամանակին հպարտության առիթ կարող էր լինել եւ էր:
Ասվել ու գրվել է բազմիցս, եւ դեռ շատ կասվի ու կգրվի, թե ուրացումների ու կեղծիքների ինչ անսպառ շտեմարան ունի Սերժիկ Սարգսյանը, եւ հիմա ես չեմ ուզում «հիշելու ու պահանջելու» էս խառն ու բուռն ժամանակներում ընթերցողի խճճված միտքն ավելի խճճել:
Այս դեպքում սահմանափակվենք միայն վերոնշյալ «փոքրիկ ու աննշան» ուրացման «հետազոտմամբ»:
Նախ` եւս մեկ անգամ ես հպարտության զգացում ապրեցի ՀՀՇ 2-րդ համագումարի պատվիրակների բարձր գիտակցության համար. Սերժիկ Սարգսյանին հավեսով անտեսել են, որ հանկարծ վարչության անդամ չդառնա, եւ այսօր` հետին թվով ամաչելու շատ բան չունենք ՀՀՇ համակիրներս:
Որովհետեւ, մեր մեջ ասած, ինքս չէի հիշում ու տխրեցի, որ Սերժիկ Սարգսյանը եղել է այդ ցուցակում: Համոզված եմ` շատերը տխրեցին: Եվ այս պարագայում «Իլուր»-ի հեգնանքն ուրացումների վարպետ այս անձնավորության նկատմամբ` այնքան էլ արդարացված չէ: Որովհետեւ գրեթե վստահ եմ, որ հանրապետականների առաջնորդը բարի նպատակներով է ուրացել իր` ՀՀՇ կուսակցության անդամ լինելը: Ալտրուիստական քայլ է արել, ուրացել է` հանու՛ն ՀՀՇ-ի հեղինակության:
Բարի մարդ է, մտածել է. «Քի՞չ մարդ կա այսօր, որ փորձում է սեւացնել ՀՀՇ-ի անցած ճանապարհը, արի` ես հերքեմ, որ ՀՀՇ-ական եմ եղել, որ չարակամները մի սեւ բիծ էլ չավելացնեն իմ թանկագին կուսակցության վրա: Կուսակցության, որի շնորհիվ կոմսոմոլական իմ համեստ ու նվաստ գոյությունը կտրուկ շրջադարձ կատարեց, եւ ես սկսեցի քայլ առ քայլ շռնդալից վերելք ապրել»:
Սերժիկ Սարգսյանը ճկուն միտք ունի: Նա մի օր արեւմտամետ է, մյուս օրը` ԵՏՄ-ամետ, մի գիշեր թուրքերի հետ ուտուշ-խմուշի ալիքներում լող է տալիս, մյուս գիշերն իր պահանջատիրական վսեմ բռունցքն է թափահարում նրանց դեմ, մի օր հրամայում է Արարատ լեռը ջնջել ՀՖՖ-ի խորհրդանիշի վրայից, մյուս օրն անմոռուկախեղդ է անում համայն հայությանը: Այս ամենի հետ մեկտեղ` սրտից թույլ է. չի մոռանում, որ 90-ականներին Հայաստանում իշխող կուսակցությունը ՀՀՇ-ն էր, եւ ինքն էլ, իր անփոփոխ պորտֆելը ձեռքին պինդ բռնած, հավատարմորեն, անմռունչ ու գլուխը կախ` կրնկակոխ սլանում էր այդ կուսակցության բոլոր քայլերին համընթաց:
Սա բոլորս ենք հիշում: Բայց ոչ մի բան չենք պահանջում:
Ընդամենը` տեսնելով, թե ով է իրականում Սերժիկ Սարգսյանը, շատերս ամաչում ենք ու տարակուսում, որ այդ տարիներին նա էլ է եղել նորանկախ Հայաստանի իշխանության կարեւորագույն օղակներում:
Եվ ճիշտ է անում հանրապետականների շեֆը, որ ամեն գնով փորձում է հանրության հիշողությունից ջնջել իր ներկայությունը 90-ականների Հայոց պատմությունից:
Մտածում է` լուսավոր, հավատավոր տարիներ էին, «թարս խիարի պես բուսնեմ» էդ ճանապարհին, որ ի՞նչ լինի:
Կարգին մարդ է Սերժիկ Սարգսյանը, իզուր էլ «Իլուրը» փնովում է ու չարամտորեն չի գնահատում նրա անձնուրացությունը:
‘