Լիզա Ճաղարյան. Տրագիթամաշա

975

Վերջին շրջանում գրեթե չեմ հետեւում հայրենական լրատվությանը, բայց որքան էլ չհետեւեմ` ակնհայտ է, որ քննարկումների կիզակետում Նիկոլ Փաշինյանի բացակայությունն էր Արցախում` Անկախության օրը։

Ինչո՞ւ չգնաց Արցախ, ինչո՞ւ չմասնակցեց Անկախության օրվա միջոցառումներին։ Բարձրաձայն հնչում են ա՛յս հարցերը։ Իսկ` ցածրաձա՞յն։

Ցածրաձայն հնչող հարցերը սրանք են` գնար, որ ի՞նչ աներ, գնար, որ ի՞նչ ասեր։

Այս հարցերից բխող «պատասխանների» մասին լռեմ. հիմա դրանց համար դատում են։

…Գիտե՞ք` ինչն է անհուսության զգացումը ավելի ու ավելի սրում։

Թամաշաների եւ դրանց ուղեկից ճռճռան բառակույտերի հանդեպ մեր հիվանդագին «նվիրվածությունը»։

Ինչ էլ պատահի, մենք լռել չենք կարողանում։

Իսկ գուցե լռեի՞նք այս իրավիճակում։ Գուցե մեր լռությամբ հուշեի՞նք, այսպես կոչված` պետական այրերին, որ իրենք է՞լ լռեին ու չմրցեի՞ն իրար հետ, թե ո՛ր մեկն առավել կեղծ ու սին պաճուճապատանքներով զարդարված շնորհավորական ուղերձ կհղի Արցախի հպարտ ժողովրդին։

Այդ ուղերձները կարդալու պահերին դառն զգացում չունեցա՞ք, որ ձեզ ծաղրում են։ Ու` լկտիաբար են ծաղրում։

Հո չե՞ք մոռացել, որ ստորացուցիչ կապիտուլյացիան ստորագրվել է անցած տարվա նոյեմբերի 9–ին, այդ օրից անցել է տասն ամիս, եւ մինչեւ հիմա մեր զինվորների աճյուններն ենք հավաքում Ադրբեջանի գրաված տարածքներից։

Հետ դարձեք եւ նախորդ նախադասությունը նորից կարդացեք։ Մի քանի անգամ։ Կարդացեք այնքան` մինչեւ կզգաք, որ փշաքաղվել եք ոտքից գլուխ։ Եթե փշաքաղվեք, ուրեմն` գիտակցել եք, որ հիմա, գոնե հիմա՛ մեր լռելու ժամանակն է։

Որ ուղղակիորեն դիվայնության հասնող սրիկայություն է ցանկացած «հայրենասիրական» ու պահանջատիրական պոռոտախոսություն, Արցախի անկախության մասին ցանկացած շաղակրատանք` այն անչափելի ողբերգության հանդեպ, որ 21–րդ դարում մենք գրեթե մեկ տարի է մեր մատաղված զավակների անշունչ մարմինների փշրանքներն ենք հավաքում քարուղռերից եւ գաղափար անգամ չունենք, թե դեռ մինչեւ երբ ենք հավաքելու։ …Եվ թե քանի մարմին է մնալու այդպես էլ չհայտնաբերված։

…Չգիտեմ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չգնաց Արցախ` ինչ–որ «հպարտ ու արժանապատիվ» միջոցառումների մասնակցելու։ Միայն մի բան հաստատ գիտեմ. նոյեմբերի 9–ի կապիտուլյացիայից հետո այս պարոնը ոչ մի անգամ չի այցելել Արցախ, իսկ Անկախության օրվա նախօրեին մեկ էլ հանկարծ նրա սիրտը կարճատեւ արձակուրդի կարիք է զգացել։

Պատահական զուգադիպություն է. ուրիշ բան չմտածեք։

Նախորդ հոդվածըՊետքարտուղարությունը կոչ է անում Գվինեայում զերծ մնալ բռնությունների դիմելուց
Հաջորդ հոդվածըՀադրութի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն