‘Լիզա Ճաղարյան. Փշուր մը հայաստանյան երանելի իրականությունից ‘

2049

Եթե մի հրաշքով հնարավոր լիներ կեղծիքը, երեսպաշտությունը, ծախու ստրկամտությունը ապրանքի վերածել, ապա ներկայիս Հայաստանը կապահովեր ողջ հողագնդի պահանջարկը, զուգահեռաբար` մեր արտաքին առեւտուրը կծաղկեր, եւ տեղական թալանչի իշխանավորների միլիոններն էլ միլիարդներ կդառնային:

Չափազանցություն չփնտրեք ասվածի մեջ: Չեք գտնի: Ավելին, հետն էլ հիշեք, որ այդ «ապրանքների» արտադրությունը բացառապես ապահովում է Հայաստանի հայտնի ավազակախումբը, որ պայմանականորեն Հանրապետական կուսակցություն կկոչվի:

Առանց անցյալը փորփրելու, ընդամենը վերջին երկու-երեք օրվա հայաստանյան անցուդարձից մի քանի փշուր վերհիշումը բավական է` պատկերացնելու համար, թե ինչ երանելի աշխարհ է Ալիսի «հայտնաբերած» ծուռ հայելիների թագավորությունը` հայաստանյան ավազակապետության համեմատ:

Տարիներ շարունակ լրատվամիջոցները գրում են ու հաղորդում, որ այժմյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեփական բիզնես ունի, այսպես ասած` «գծատեր» է, ինչի իրավունքը պատգամավորը չունի: Սահակյանն էլ տարիներ շարունակ հերքում էր այս պնդումը: «Ես որեւէ բիզնեսից չեմ օգտվում, առավել եւս` շատ անհարմար վիճակում եմ ինձ գտնում, որովհետեւ դրանից բան էլ չեմ հասկանում»,- տրտնջում է ինքն իրեն շատ անհարմար վիճակում «գտած» նորընծա ԱԺ նախագահը: Եվ մինչ նա զբաղված էր «գտնելով» իր «շատ անհարմար վիճակը», ilur.am-ն էլ գտավ փաստաթղթեր, ըստ որոնց` Սահակյանի ընտանիքն, իրոք, գծատեր է: Թվում է, անհերքելի փաստի հրապարակումից հետո բիզնեսից բան չհասկացող պարոնը պետք է փորձեր արդարանալ ինչ-որ կերպ: Օրինակ, կարող էր ասել, որ իր հարազատ որդին իրենից գաղտնի է համապատասխան «գծին տիրել», եւ ինքը ոչ միայն էս աշխարհից փայ չունի, այլեւ նույնիսկ` իր որդու բիզնեսից: Կամ` աչքերն անմեղորեն ճպճպացնելով կպարզաբաներ, թե ինչու է թաքցնում, որ իր որդին բիզնես ունի, եթե կարող էր ընդամենն ասել` ես ի՞նչ կապ ունեմ որդուս բիզնեսի հետ: Ինչպես, օրինակ, իր կուսակից ընկեր, «չքավոր» պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է պնդում, որ ինքը բիզնես չունի եւ իր «գործարար» տիկնոջ ձեռքին է նայում` մի քանի լումա կտա-կտա, չի տա, ուրեմն` սովահար Լֆիկ Սամոյին դրել ես` արի տար:

Ահա հենց այս հացին «կակա» ասող Սամվել Ալեքսանյանի համար էին ԱԺ ընտրարշավի շրջանում մի խումբ կանայք ու թաղի տղերքը ելել փողոց` հակառակորդների երեսը ճանկռոտելու ու մազերը գլխներից պոկելու վճռականությամբ, «փակ շուկայի» այլանդակման դեմ պայքարողներին ծվատելու ու սրի քաշելու պատրաստակամությամբ, որովհետեւ, ինչպես իրենք էին պնդում, աղքատության ճիրաններում ջրաքամվող Լֆիկն իրենց լիքը «լավություն» էր արել: Ահա՛ այդ «լավությունների» համար էլ այսօր լրատվամիջոցներն «ավետեցին», որ Երեւանի Մոնթեի անվան դպրոցում արդեն Սամվել Ալեքսանյանի անվան դասարան կա… Տեսնես` ինչու՞… Ի՞նչ կարող է անել սեփական կնոջ գրպանին նայող մարդը` այս վայրի շուկայական, ներեցեք` «բազառային» իրականության մեջ` այսպիսի անշահախնդիր սիրո առարկա դառնալու համար: Մոնթեի անվան դպրոցի տնօրենը` անշահախնդիր արցունքները մի կերպ զսպելով, լուսավորում է չարամիտներիս: Պարզվում է, Սամվել Ալեքսանյանը շատ հոգատար մարդ է: Հոգատար է երեխաների՛, կանա՛նց, ծերերի՛… Կարճ ասած` համայն մարդկության նկատմամբ: Տեսնես` ի՞նչ կարող է անել բիզնես չունեցող, ընդամենը ԱԺ պատգամավորի աշխատավարձով ծայրը ծայրին հասցնող այս մարդը` տիկին տնօրենի քնքուշ սիրտն այսպես հալեցնելու համար: Գուցե տնետուն է շրջում ու նորածին երեխաների տակաշորե՞րն է փոխում, օրորոցայի՞ն է երգում նրանց համար, ծերերի համար էլ ճաշ-մաշ է եփում, լվացք-մվա՞ցք անում: Չէ, ոգեշնչված տնօրինուհին անզգուշություն է ցուցաբերում: Նա բոլոր մեծահարուստներին խորհուրդ է տալիս, որ Սամվել Ալեքսանյանի նման բարի լինեն, ու ինչպես որ նա է իր ղեկավարած դպրոցի երեխաների քեֆ-ուրախությունների ծախսերն իր վրա վերցնում, նույն կերպ վարվեն նաեւ մնացած մեծահարուստները: Հիմա ի՞նչ. փաստորեն, Սամվել Ալեքսանյանը մեծահարու՞ստ է: Ոչ, մի շտապեք այս հանրապետական պատգամավորին էլ ստախոս հռչակել: Տիկին տնօրենը սրա բացատրությունն էլ ունի: Ահավասիկ. «Գիտեք, ասում է` ամենաաղքատ մարդը նա է, ով միայն փողով է հարուստ» Ով է ասում` չգիտենք, բայց խոստովանենք` լավ է ասում: Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը ճիշտ է ասել եւ ասում` ինքն ամենաաղքատ մարդն է… որովհետեւ միայն փողով է հարուստ:

Մի «ամենաաղքատ» էլ կա Հանրապետականի վերեւներում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Նա նույնպես տարիներ շարունակ բիզնեսից ոչ բան է հասկացել, ոչ էլ միտք ունի հասկանալու: Առանց հասկանալու էլ` Հայաստանի մեծա-մեծահարուստներից է: Անտեղի ինչի՞ գլխին զոռ տա, հո աչքածակ չի՞: Ինչ կա-կա` այդքանով բավարարվում է, շատ համեստ մարդ է: Ցուցարարների աչքն էլ ճամփին չի թողնում. իջնում է, հետները զրուցում է… Ո՞նց թե, ասում եք` ինչ-որ ղեկավարներ կան, որ սպառնում են իրենց աշխատակիցներին, թե` կազատենք աշխատանքից, եթե պարտադիր կենսաթոշակայինից հրաժարվելու դիմումները ե՞տ չվերցնեք: Ազնիվ պիոներական խոսք, Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէր, երեւի իրենից չարամտորեն թաքցրել են լրատվամիջոցները ողողած նման տեղեկությունները: Ըհը, արդեն տեղեկացավ, եւ շուտով բոլորդ կտեսնեք, թե ոնց է էդ անգութ-անաստվածներին պատժելու: Բոլորին աշխատանքից ազատելու է: Չե՞ք հավատում: Որովհետեւ չար եք: Մի քիչ օրինակ վերցրեք, էլի, Սամվել Ալեքսանյանից, Հովիկ Աբրահամյանից, առավել եւս` Սուրիկ Խաչատրյանից:

Այո՛, հենց այն Սուրիկ Խաչատրյանից, որ Լիսկա կկոչվի: Այսօր նա էլ է «ավետիս»-ով վեր հառնել լրագրողների առաջ: Պարզվում է` Գորիսում հարգանքի պահ կա ընդամենը, վախի մթնոլորտ ընդհանրապես չկա: Ինքն է ասել: Լիսկան: Եթե կարծում եք` Լիսկայի սիրասուն զավակը Արտակ Բուդաղյանին գնդակահարեց իրենց ապարանքի շեմին, կամ` Լիսկայի ցեղակիցները գազանաբար աջուձախ ծեծում են գորիսցիներին եւ կրակում` որտեղ պատահի, ու անպատիժ են մնում այն պատճառով, որ «ամենաաղքատներից աղքատագույն» Սերժիկ Սարգսյանը նույնքան գորովանքով է վերաբերվում իր նման «ամենաաղքատներին», որոնք «միայն փողով են հարուստ», եւ ամենակատաղի հանցագործներին, որոնք միայն արնախումությամբ են լեցուն, չարաչար սխալվում եք: Լիսկան ու իր «ազգային բանդան» տարիներ շարունակ գորիսցիներին պահել են ահուսարսափի մեջ շա՛տ բարի նպատակներով: Որպեսզի այս բաղձալի օրը վրա հասնի: Այժմ, հարգելի հայրենակիցներ, Գորիսում հարգանքի պահն է թագավորում: Բոլորը միաբերան Լիսկային… հարգում են: Եթե հարցնեք` ինչու՞ եք հարգում Լիսկային: Իրենք ձեզ շշուկով ու սարսափահար աջուձախ նայելով, որ ականջ դնող չլինի, կպատմեն ու կպատմեն, թե ինչու են այդքան ինքնամոռաց հարգում Լիսկային: Եվ եթե այդ պատմությունները լսելու ընթացքում ձեր գլխի մազերը բիզ-բիզ կանգնեն, ուրեմն իմացեք` դուք վերոգրյալ «միայն փողով հարուստ ամենաաղքատների» նման բարի ու հոգատար չեք: Ու մեղքն էլ ձեր վիզը: Տապակվեք չարության ճիրաններում: Տեղն է ձեզ:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Այս խաղում Քառյակը կամ ժողովուրդը պարտվել չեն կարող’
Հաջորդ հոդվածը‘Իրաքում քրդերը վերահսկողություն են սահմանել Քիրքուք քաղաքում’