‘Լիզա Ճաղարյան. Քանի դեռ էս խելքին ենք՝ վատթարին սպասեք’

4317

Ռուսական ոչ մի լրատվամիջոց օրեր շարունակ չէր մոռանում շեշտել ողբերգական վթարի հեղինակի ազգային պատկանելությունը: Այնպես որ՝ ռասիզմի վատ հոտը մինչեւ երեկ էլ կար: Ծաղկավոր խալաթով, թե առանց ծաղիկների խալաթով էին մեր հայրենակցին քարշ տվել (վստահ եմ, որ հենց այդպես էլ արել էին՝ քա´րշ էին տվել) դատարան՝ երկրորդական է. փաստ է, որ 21-րդ դարում ամբաստանյալը խայտառակ անհարիր հագուստով եւ տեսքով էր իրեն քաղաքակիրթ եւ հզոր հորջորջող պետության դատարան տարվել: Եվ անկասկած՝ իր կամքով չէր այդ վիճակում: Գուցե ոտքերին էլ հողաթափեր էին, ո՞վ իմանա…

Եվ հիմա կոչեր են հնչում՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա անելու մասին: Իսկ ինչու՞ ռուսական դեսպանատան առջեւ, սիրելի հայրենակիցներ, ոչ թե՝ Հայաստանի նախագահական նստավայրի կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության առջեւ: Ի՞նչ է, չգիտե՞ք, որ Ռուսաստանի իշխանություններն իրենց կրեմլյան «բարձունքներից» թքած ունեն ե´ւ մեր զայրույթի, ե´ւ մեր վիրավորված ու նվաստացած հոգիների վրա:

Ու՞մ ենք խաբում: Մինչեւ հիմա չե՞նք հասկացել, որ ցանկացած օտար պետության «պատերի ներսում» կարող են նվաստացնել մեզ իրենց սրտի ուզածի չափ, որովհետեւ մենք ամեն օր ու ամեն ժամ ստորացված ենք ապրում հենց մեր պետության մեջ: Հո չե՞ք մոռացել, որ օտար իշխանության ներկայացուցիչները չէին Հայաստանի քաղաքացիներին ասում «համբալ» եւ անպատիժ մնում: Թե՞ մոռացել եք՝ ինչպես էին մեզանից թալանած միլիոնները տակները դրած լկտի չինովնիկները խորհուրդ տալիս 21-րդ դարում ապրող Հայաստանի քաղաքացուն՝ աթար վառել: Թե՞ մտքներիցդ թռել է, որ բանակում սպանված զինվորների սգվոր մայրերին էին գետնին տապալում համազգեստավոր հայ ենիչերիները: Գուցե մոռացել եք, որ ձեր հայրենակիցներին գնդակահարե՞լ են Երեւանի կենտրոնում, եւ մինչ օրս ոչ մի մարդասպան չի պատժվել: Եթե այս ամենը եւ սրանց նման ու սրանցից սահմռկեցուցիչ հարյուրավոր դեպքերը մոռացել եք, ուրեմն հաստատ չեք հիշի, որ Հայաստանի քաղաքացիների առնվազն կեսին ավազակապետ Սերժիկ Սարգսյանն ու իր մաուզերիստները դարձրել են հինգ հազար դրամով սեփական երկիրը վաճառող ողորմելի չարչիներ, եւ այդ չարչիները եթե դուք չեք, ապա ձեր ազգականն է, ձեր գործընկերն է, ձեր հարեւանն է, ձեր ամուսինն է, ձեր կինն է, ձեր զավակն է, որոնց հանդիպելիս ջերմորեն բարեւելուց, մի սեղանի շուրջ նստելուց ու անուշ-մեղուշ բաժակաճառեր ասելուց չեք խորշում:

Ծաղկավոր խալաթի մեջ կծկված-սմքած մեր դժբախտ հայրենակիցն ի՞նչ էր կորցրել ռուսաստաններում: Չեք կասկածում, չէ՞, որ այդ խեղճ մարդը, որ ահավոր ճակատագրի բերումով տասնյակ անմեղ մարդկանց մահվան պատճառ է դարձել, կգերադասեր Հայաստանում վաստակել մեր փառապանծ բանակում զոհված իր որդու շիրմաքարի գումարը: Ո՞վ է այդ մարդուն թափառական դարձրել: Ալիե՞ւը, Էրդողա՞նը, Պուտի՞նը, Օբամա՞ն… Բոլորը, Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիայի կոչ անողները՝ նույնպես, հրաշալի գիտեն, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությանը գաղթական է դարձրել Սերժիկ Սարգսյանն՝ իր հղփացած ավազակախմբի հետ միասին, եւ այդ գաղթականների մեծ մասը բախտ է որոնում այդ նույն Ռուսաստանում, որտեղ հիմա, բոլորին ի տես, անխնա ծաղրում են նրանցից մեկին:

Ե´վ Ռուսաստանը, ե´ւ մեր իմացած ու չիմացած ցանկացած պետություն նվաստացնելու է մեզանից յուրաքանչյուրին, քանի դեռ մենք մեր սեփական երկրում թույլ ենք տալիս, որ հոգով «բոմժ» սրիկաները մեզ ոտնատակ տան, քանի դեռ մեր երկրին տեր կանգնելու փոխարեն՝ օտարներից գոյություն քարշ տալու իրավունք ենք մուրում:

Նախորդ հոդվածը‘Լրացուցիչ ընտրություններ թիվ 38 ընտրատարածքում ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆեյսբուքյան արձագանքներ` ՌԴ-ում հայ վարորդի հետ պատահած դժբախտությանը’