‘Լիկբեզ՝ արտագաղթի պատճառների մասին’

1856

Չէ՞ որ, ինչպես իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը, տգետները չեն կարող ճիշտ որոշումներ կայացնել…

Սերժ Սարգսյանը հայ հասարակությանը պարգևեց հերթական քաղաքական (կամ քաղաքագիտական) մարգարիտները: Մասնավորապես՝ երիտասարդ ճամբարականների հետ իր վերջին զրույցում հնչեց հետևյալ «միտքը».

Արտագաղթի պատճառը Սփյուռքն է և Ղարաբաղի չլուծված հակամարտությունը կամ, այլ կերպ ասած` պատերազմի վտանգը: Ու որպես շարունակություն՝ բերվեցին օրինակներ, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայի երկրներից:

Նախ` Արևելյան Եվրոպայի երկրներն ու Ռուսաստանը չունեն սփյուռք՝ որպես այդպիսին: Բայց դա թողնենք մի կողմ: Վերցնենք այնպիսի երկրներ, որոնք ունեն իրենց տարածքից դուրս ապրող հայրենակիցների հոծ զանգվածներ: Օրինակ` Իտալիան, Իռլանդիան, Իսրայելը: Այս երկրների սփյուռքը ձևավորվել է  ավելի վաղ, ավելի մարդաշատ է և ավելի ազդեցիկ՝ իր քաղաքական, տնտեսական, լրատվական և այլ բնույթի պոտենցիալով: Բայց դա երբեք պատճառ չի հանդիսացել, որ այդ երկրներում ժողովրդավարական կարգերի հաստատումից հետո (Սահմանադրություն, ընտրություններ, սեփականության իրավունք, խոսքի ազատություն և այլն) այդ երկրների բնակիչները նման տեմպերով լքեն իրենց երկիրը: Ավելին, նման շատ երկրներ ունեցել են և ունեն նաև անվտանգության խնդիրներ: Մասնավորապես՝ Իսրայելի նման երկիրը ծնվել ու այսօր էլ ապրում է ամենօրյա ռազմական վտանգի տակ և շրջապատված է, բառիս բուն իմաստով՝ թշնամական երկրներով: Բայց դա չի խանգարում, որ տարածքի կեսն անապատում գտնվող երկրում մշտապես ներգաղթ լինի: Որովհետև ամենաառանցքային` սոցիալական արդարության, օրենքի գերակայության, ձեռնարկատիրության խրախուսման, քաղաքացու արժանապատվության պաշտպանության տեսանկյունից Իսրայելն անընդհատ առաջընթաց է ապրում: Նույնը Իռլանդիայի, Իտալիայի և նույնիսկ այն երկրների պարագայում, որոնք, դեմքի լուրջ արտահայտությամբ, թվարկում էր Սերժ Սարգսյանը: Ավելին, այդ երկրներից չի արտագաղթում գյուղական բնակչությունը` անմշակ թողնելով երկրի վարելահողերի մի զգալի մասը: Իսրայելից չի արտագաղթում սահմանամերձ շրջանի բնակչությունը. դեռ մի բան էլ՝ Սերժ Սարգսյանի ասած՝ բարձրագույն կրթությամբ երիտասարդներն են տեղափոխվում ու ապրում այնտեղ: Որովհետև գիտեն, որ թիկունքներին պետություն կա: Որ այդ պետությունը կառավարող իշխանությունը չի թալանում երկրի հարստությունն ու տանում երկրից դուրս՝ իր անձնական հաշվեհամարների վրա: Որ այդ երկրի ղեկավարի եղբայրը ոչ թե պատերազմում է գործարար ընկերակցության հետ ու օկուպացնում նրանց բիզնեսի 50%-ը, այլ անհրաժեշտության դեպքում գնում է պատերազմ: Չեն արտագաղթում, որովհետև երկրի իշխանություններին ծանոթ են թասիբ, նամուս հասկացությունները: Որովհետև նրանք հաշվետու են իրենց հասարակությունների առաջ, այլ ոչ թե աշխարհի որոշ երկրների ղեկավարների նման՝ օժտված են անսահման «պադոշությամբ», տգիտությունն էլ՝ վրադիր:

Ինչ վերաբերում է արտագաղթի վիճակագրությանը. բացեք Զիմբաբվեի տնտեսական վիճակագրությունը և հաստատապես կտեսնեք, թե ինչ գեղեցիկ թվեր են գրված, բայց դա չի խանգարում, որ մարդիկ մի բեռնատար փող տանեն խանութ` մի քանի հաց գնելու համար: Չնայած՝ հետո՞ ինչ, որ տանում են: Կա Զիմբաբվեի պետական վիճակագրություն և Մուգաբեի նման ոչ տգետ նախագահ, որ մշտապես հղում է անում այդ վիճակագրությանն ու տեղեկացնում ժողովրդին, որ իրենք շատ լավ են ապրում, միայն թե իրենք չգիտեն այդ մասին: Որովհետև այն, ինչ տեսնում են սեփական աչքերով, իրականություն չէ: Ավելին, այն հեչ չի բռնում ազգային վիճակագրությանը:

Վարդան Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում կոչ են արել գրոհայիններին չանվանել «Իսլամական պետություն»’