‘
Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գյուղապետի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: Գործող գյուղապետ հանրապետական Գնել Գրիգորյանից բացի իր թեկնածությունն է առաջադրել նաև ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Հակոբյանը, որը «Մարտունի ԻնֆոՏան» բլոգում գրել է, որ իր մրցակցի կողմնակիցները իր նախընտրական քարոզչապաստառները մի քանի անգամ պատռվել են:
«Վերջին 4 օրերին` ժամը 16-ից 18-ի սահմաններում, մենք ականատես եղանք մի ցինիկ տեսարանի. գործող գյուղապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Գնել Գրիգորյանի համար քարոզչություն իրականացնող, Լիճքի դպրոցներից աշխատանքից ազատված, տարրական դասարանների նախկին ուսուցչուհի Զեմֆիրա Բաղդասարյանը մի քանի կանանց ներկայությամբ, չնկատելով մեզ, անբարոյական արտահայտություններով վարկաբեկում էր ինձ, ապա առանց ամաչելու պատռեց քարոզչապաստառները»,- գրում է Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ պատռված պաստառների տեղում վերստին նորերը փակցնելուց հետո էլ Զեմֆիրա Բաղդասարյանը շարունակել է պատռել դրանք: Այս մասին Հակոբյանը հայտնել է թիվ 24 ԸԸՀ-ի նախագահ Սարո Ղազարյանին և խնդրել միջոցներ ձեռք առնել:
‘