‘Լիոնել Մեսսին նվաճեց կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»’

848

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով կարիերայի ընթացքում 5 «Ոսկե գնդակ» է ստացել:

Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ-2015» մրցանաբաշխության ժամանակ Մեսսին ստացավ իր հինգերորդ «Ոսկե գնդակը»՝ գերազանցելով թիմակից Նեյմարին և «Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուին:

Մեսսին, ով ամռանը ստացել էր Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, անցյալ տարվա ընթացքում «Բարսելոնայի» կազմում 5 տիտղոս է նվաճել (Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Չեմպիոնների լիգա, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն), Արգենտինայի հավաքականի կազմում էլ դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր: 2015 թվականի ընթացքում Մեսսին մասնակցել է 61 խաղի, խփել է 52 գոլ և կատարել է 26 գոլային փոխանցում:

 

«Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է: 1956-ից սկսած այն տրվում էր ֆուտբոլիստին, ով տվյալ օրացուցային տարում լավագույնն է ճանաչվում Եվրոպայում: Մրցանակը սահմանվել է «France Football»-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից, ով 1956-ին իր գործընկերներին խնդրել է քվեարկել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ընտրելու համար: Մրցանակի առաջին տերը «Բլեկպուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուն էր: Սկզբում լրագրողները կարող էին քվեարկել միայն եվրոպական ակումբների եվրոպացի ֆուտբոլիստների օգտին: Օրինակ` Պելեն ու Մարադոնան այդ մրցանակը չէին կարող ստանալ: 1995-ից կանոնները փոխվեցին. այդ տարվանից սկսած` մրցանակին կարող էր արժանանալ ցանկացած ազգի ներկայացուցիչ, ով խաղում է Եվրոպայում: Ոչ եվրոպացի առաջին մրցանակակիրը «Միլանի» ֆուտբոլիստ Ջորջ Վեան էր:

2007-ին կանոնադրության մեջ կրկին փոփոխություններ եղան: 2007 թվականից մինչ օրս բաղձալի «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ցանկացած ազգի ու աշխարհի ցանկացած ակումբում ելույթ ունեցող ֆուտբոլիստ: Սրա հետ կապված մեծացավ նաև քվեարկող լրագրողների թիվը: Նախկինում եվրոպական լրատվամիջոցների 52 լրագրող էր քվեարկում, հիմա` աշխարհի 171 լրագրող:

Նշենք, որ Մեսսին առաջինն էր, ով 2009-ին ստացավ «Ոսկե գնդակ ՖԻՖԱ» մրցանակը: Սա նշանակում է, որ «France Football» և «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» մրցանակներն արդեն միացել ու որպես մեկ ամբողջ են շնորհվում, իսկ քվեարկությանը մասնակցում են ոչ միայն լրագրողները, այլև ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները: Անցյալ տարի մրցանակը ստացել է Կրիշտիանու Ռոնալդուն, տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է 3 անգամ: 3 անգամ այս մրցանակին արժանացել են նաև Յոհան Կրույֆը, Միշել Պլատինին ու Մարկո վան Բաստենը

Նախորդ հոդվածը‘Ամերիկուհի Կառլի Լլոյդը` 2015թ.-ի լավագույն ֆուտբոլիստուհի’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ-2015». Ո՞ւմ օգտին են քվեարկել Մեսսին, Ռոնալդուն, Նեյմարը’