‘Լիսկային կօգնի միայն ձայն չհանելը’

1436

Այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը («Լիսկա») ուղղակի փախավ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից: Դատարանում քննվում էր Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի, որով Սուրիկ Խաչատրյանը մեղադրում է Հարությունյանի զրպարտության մեջ և պահանջում 1.5 մլն դրամի չափով փոխհատուցում:

Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ շփոթ էր առաջացել հայցվորի և նրա ներկայացուցչին լիազորած անձի անունների հարցում (մի դեպքում՝ Սուրեն Խաչատրյան, մյուսում՝ Սուրիկ Խաչատրյան): Այսօրվա դատաքննության ընթացում դատավոր Անի Մխիթարյանը կրկին հայտնաբերեց անճշտություններ. այս անգամ չէին համընկնում Լիսկայի ներկայացրած անձնագրի և հայցադիմումում նշված անձնագրի համարները: Այս իսկ պատճառով դատավորը հարկ համարեց, որ դատարան ներկայանա Սուրիկ Խաչատրյանը և անձամբ լիազորի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանին՝ դատարանում իր շահերը ներկայացնելու: Խաչատրյանին 50 րոպե էր պահանջվում դատարան հասնելու համար, քանի որ, ըստ փաստաբանի, նա չէր գտնվում «աշխարհագրական» տարածքում:

Որքան էլ որ դատի մասնակիցների համար քիչ հավանական էր թվում, այնուամենայնիվ Լիսկան ժամանեց դատական նիստին՝ առնվազն հինգ մարդկանց ուղեկցությամբ: Վերջիններս գալուն պես սկսեցին նկարահանել դատարանում գտնվող լրագրողներին: Դատարանում նախկին մարզպետը հաստատեց, որ անձամբ լիազորում է փաստաբան Մարտին Զիլֆուղարյանին, անուհետև համոզվելով, որ դատաքննությունը կարող է շարունակվել առանց իր ներկայության, արագորեն լքեց դահլիճը՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին:

Սուրիկ Խաչատրյանի այսօրվա վարքագծին հետեւոլով` նրան չճանաչող մարդուն կթվար, թե նա Հայաստանի Հանրապետության այն հազվագյուտ քաղաքացիներից է, ով անվերապահորեն հետևում է ՀՀ օրենքներին, իսկ պատասխանող Սամվել Հարությունյանը «առանց ամոթի», առիթը բաց չի թողնում զրպարտելու ՀՀ «արժանապատիվ» քաղաքացուն:

Հիշեցնենք, որ Լիսկայի որդի Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը բոլորովին վերջերս մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին սպանելու և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել է», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:

Ինչ վերաբերում է այսօրվա դատին. պատասխանող կողմի փաստաբան Մուշեղ Շուշանյանը արձանագրեց, որ հայցադիմումի մեջ բացակայում է հայցվորի հայրանունը, գոյություն ունի անվան, ինչպես նաև անձնագրային տվյալների անճշտություն: Իսկ հայցվորի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանից բավական մեծ ջանքեր պահանջվեցին` ներկայացնելու  համար հայցի հիմքը և «Առավոտ» օրաթերթի կողմից հոդվածի հրապարակման ամսաթիվը, որում Սամվել Հարությունյանը մեղադրել էր նախկին մարզպետին մարմնական վնասվածք հասցնելու և սպանության մեջ:

Մի քան իրոպե տեւած ջանքերից հետո վերջիվերջո պարզվեց, թե որն էր հայցի իրական հիմքը. Սուրիկ Խաչատրյանը Հարությունյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել հոդվածը և 1,5 միլիոն դրամ վճարել:

Դատի ավարտին փաստաբան Շուշանյանը ներկայացրեց մի շարք հանգամանքներ, որոնք ապացուցման կարիք ունեն: Մասնավորապես, թե արդյո՞ք տվյալ մարդիկ հրազենային վնասվածքներ  են ստացել և Լիսկայի անունը այդ գործերում շոշափվել է, արդյոք նա ներգրավված է եղել ` որպես կասկածյալ, թե ոչ: Այս և մի շարք այլ հանգամանքները գրավոր ներկայացնելու, միմյանց միջև փոխանցելու և ապացուցման բեռը բաշխելու նպատակով  դատը հետաձգվեց մինչև նոյեմբերի 19-ը:

Հ.Գ. Ուշագրավ է, որ Լիսկան, որը խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել` վկայակոչելով «անհետաձգելի գործերը», իր մեքենայի մեջ դատարանի տարածքում մնաց մինչեւ նիստի ավարտը և հեռացավ նիստի ավարտից անմիջապես հետո: Հավանաբար Սյունիքի նախկին մարզպետը լրագրողների հետ իր բազմամյա փորձով հասկացել է, որ իր արտասանած յուրաքանչյուր բառ կարող է օգտագործվել իր իսկ դեմ. այս դեպքում ավելի լավ է լռել:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Դատարանից փախուստ գործած ամբաստանյալը նախկինում երկու անգամ փորձել է ինքնասպան լինել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցեր’