‘Լիսկայի գործ. Տեղի է ունեցել սառնասրտորեն կատարված սպանություն (տեսանյութ)’

1785

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (հայտնի Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, քրեական հետապնդումից ազատելու վերաբերյալ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության կայացրած որոշման կապակցությամբ:

Այսօրվա դատական նիստի սկզբում փաստաբան Ալումյանը կրկին պնդեց, որ քննիչ Ա. Ղազարյանը դատարանին տրամադրի Տիգրան Խաչատրյանին ազատելու իր որոշումը հիմնավորող նյութերը (2500 թերթից դատարանին տրամադրվել է ընդամենը 189-ը), սակայն հարկ չհամարեց հիմնավորումները ներկայացնել այս դատի ընթացում: Պատճառը դատավորի կողմից ընդունվելիք որոշումն էր՝ դիմել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ միևնույն քրեական գործին առնչվող երեք դատաքննությունները միավորելու նպատակով:

Հայկ Ալումյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր կարծիքով՝ այս գործողությունները նախապես ծրագրված են, սակայն իր պաշտպանյալի տեսանկյունից որևէ իրավունք չեն սահմանափակում և խոչընդոտ չեն հանդիսանում, ավելին՝ երեք բողոքները մեկ վարույթում քննելը ավելի նպատակահարմար է: Անդրադառնալով քննիչի հայտարարությանը, որում, մասնավորապես, Ա. Ղազարյանը պնդում է, որ իրավունք չունի տրամադրելու նախաքննության նյութերը, փաստաբան Ալումյանը նշեց.

«Բացարձակ անտրամաբանական և օրենքից չբխող արտահայտություն է և հետապնդում է միայն մեկ նպատակ՝ պարտակել գործի այն նյութերը, որոնք ակնհայտորեն վկայում են, որ Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների կողմից տեղի է ունեցել ոչ թե պաշտպանություն, այլ սառնասրտորեն կատարված սպանություն:»

Հիշեցնենք, որ  Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը բոլորովին վերջերս մեղադրվում էին այս տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Ստուգողական խաղ» Յուվեի համար’