‘Լիսկայի գործ. Քննիչը շարունակում է դատարանից թաքցնել նյութերը’

680

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Լիսկայի գործով» փաստաբան Հայկ Ալումյանի և Էմիլ Բուդաղյանի բողոքների քննությունը: Բուդաղյանների ներկայացուցիչ Հ. Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին  ազատելու որոշման դեմ և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:  

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին` դատավոր Բեկթաշյանի որոշմամբ, քննիչ Ա. Ղազարյանը համաձայնել էր դատարանին ներկայացնել բողոքին առնչվող բոլոր նախաքննական նյութերը, սակայն այսօր պարզ դարձավ, որ 2500 թերթից հանձնել է ընդամենը 270-ը՝ կայացնելով կամայական որոշում:

Այս կապակցությամբ փաստաբան Ալումյանը դատարանից պահանջեց պարտադրել քննիչին՝ դատարանին տրամադրելու ողջ քրեական գործը, և եթե առկա է օրենքի խախտում, ապա սեփական ձեռքերով առանձնացնել գործին առնչվող նյութերը: Իսկ ի պատասխան քննիչի այն դիտարկմանը, որի համաձայն՝ առկա նյութերը հաստատում են իր կայացրած որոշումը, փաստաբանը հակադարձեց՝ նշելով, որ հնարավոր է՝ մյուս նյութերով էլ հաստատվում է իր որոշումը:

Քննիչի կողմից այսօր դատարանին տրամադրված հավելյալ երկու ցուցմունքների ուսումնասիրման նպատակով հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին: 

Նախորդ հոդվածը‘ AL JAZEERA-ն իր եթերում շոշափել է Հայոց ցեղասպանության թեման’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահին’