‘Լիսկայի երազները. Չնայած Ավետիք Բուդաղյանի սպանությանը՝ Սյունիքում իրեն սիրում են’

965

Լիսկան (Սուրիկ Խաչատրյան) համոզված է՝  Սյունեցիներն ուզում են, որ ինքը նորից մարզպետ նշանակվի: Այս մասին նա ասել է News.am-ի հետ զրույցում: «Հավատացեք, որ սյունեցիներն իսկապես ուզում են: Ես իմ հայրենիքի զինվորն եմ, ինչ հանձնարարություն տա երկրի նախագահը, պատրաստ եմ այդ հանձնարարությունը բարձր ձեւով կատարելու: Իսկ նշանակման մասին լուրերը ոչ ուզում եմ հաստատել, ոչ էլ հերքել»,- ասալ է նա:

Այն հարցին, թե արդյոք Գորիսում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո սյունեցիներն իսկապես ուզում են նրա վերադարձը, Սուրիկ Խաչատրյանը վստահեցրել է, որ իրեն Սյունիքում սիրում են:

Պետք չէ այդքան համոզված լինել. հիշեցնենք, որ տեղի բնակիչներն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էին, որ ոչ միայն չեն ցանկանում ետ բերել հայտնի Լիսկային, այլև «բոլորը շատ լավ գիտեն, թե իրենք ինչպես են զզվում Սուրիկ Խաչատրյանից»: 

Նշենք, Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների անունները շոշափվում են մի շարք հանցագործություններում: Հարկ ենք համարում հիշեցնել, որ հենց Լիսկայի  եղբոր որդին էր ծեծի ենթարկել, առևանգել և որոշ տեղեկություններով՝ նույնիսկ դանակահարել երկու քաղաքացու: Լիսկայի և նրա ազգականների հանցագործություններում հանցակազմը համարյա միշտ բացակայում է: Իսկ Սուրիկ Խաչատրյանի բարեկամ հանդիսանալու հանգամանքը հենց առիթ է հանդիսանում քրեական գործ չհարուցելու համար:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդուն, նրա մոտ իրավապահները բոլորովին վերջերս հայտնաբերել էին մարիխուանա և դիազեպամ տեսակի հոգեմետ նյութեր:

Ավելին՝ մինչ օրս բոլորի ուշադրության կենտրոնում են գտնվում Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերը, երբ նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, սպանեցին Ավետիք Բուդաղյանին եւ վիրավորեցին Ավետիքի եղբայր Արտակ Բուդաղյանին, սակայն երկուսն էլ քրեական գործում ներգրավված են որպես վկա, իսկ Արտակ Բուդաղյանը՝ որպես մեղադրյալ:

Նախորդ հոդվածը‘Մարդկանց իրենց անունով կոչելու ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘Համլետ Պետրոսյան. Մտավորականը չպիտի իշխանություններից պարգեւներ ակնկալի ‘