‘
Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել Զարզանդ Ն.-ին և Դավիթ Բ.-ին, ովքեր, ըստ ոստիկանության տվել են ինքնախոստովանական բացատրություն և ստորագրությամբ բաց են թողնվել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն Զարզանդը Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն է, որը նախկինում մի քանի անգամ հայտնվել է մամուլի էջերում՝ ծեծկռտուքների ու սպանության մեջ մասնակցության առիթներով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, պարզվել է, որ ակումբի աստիճանահարթակի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Զարզանդ Ն.-ն մարմնական վնասվածք է պատճառել նաև Արմեն Վ.-ի ընկերոջը` Դավիթ. Ա.-ին: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Զարզանդ Նիկողոսյանը ավելի վաղ News.am-ին հայտնել է, որ որեւէ վիճաբանության չի մասնակցել:
«Վիճաբանություն չի եղել, ո՞վ է ասում, որ վիճաբանություն է եղել, մի հոգի խմած ա եղել, աստիճաններից գլորվել է, ընկել, գլուխը խփել է ասֆալտին, անունը չգիտեմ էլ ինչ է, չեմ էլ ճանաչում»,- ասել է Զարզանդը:
‘