‘
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրիկ Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:
Սակայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը («Լիսկա») «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված այդ լուրերը շրջանառության մեջ դնող մարդիկ այդպիսով ցանկանում են իրենց գովազդել: «Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն և փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն»,–ասել է Սուրիկ Խաչատրյանը:
Իր հերթին, դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը ասել է, թե առողջական խնդիրներ ունի և այդ պատճառով է ձեռքը բռնած մարզպետի աշխատասենյակից դուրս եկել: «Ես մարզպետի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ, ինչու պետք է մարզպետի մասին վատը խոսեմ, որ ինձ ծեծեն», — ասել է Հարությունյանը՝ միաժամանակ հաստատելով, որ այդ օրն եղել է Սուրիկ Խաչատրյանի աշխատասենյակում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
‘