‘«Լիվերպուլ»-«Մանչեսթր Սիթի». Խաղից առաջ’

1373

Այս հանդիպմանը Մռայլ Ալբիոնում արդեն վաղուց սպասում են անսահման հետաքրքրությամբ և անհամբերությամբ: Իրականում, այստեղ ևս, ինչպես ֆուտբոլային բոլոր հանդիպումներում, պայքարն ընթանալու է 3 միավորի  համար:  Ոսկե մեդալի և վերջնական հաղթանակի հասնելու համար դեռ բավականաչափ ժամանակ կա և, ինչպես ասում են, շատ «ջրեր կարող են հոսել»: Սակայն աղմուկն այս հանդիպման շուրջ իրականում այնքա՜ն ակնհայտ է: Ինչպես նախօրյակին դիտարկեց Վենսան Կոմպանին, խաղասեղանին ավելին է, քան ընդամենը 3 միավորը. հաղթանակը հոգեբանական առավելություն կտա այն թիմին, ով  չեմպիոնական նկրտումներ ունի:

Յուրգեն Կլոպը քաջատեղյակ է, թե ինչպես պետք է խաղալ Գվարդիոլայի թիմի հետ: Վերջին 3 հանդիպումներում «Լիվերպուլը» հաղթել է «Մանչեսթր Սիթին»՝ խփելով նվազագույնը 2 գնդակ: Անցած մրցաշրջանում «Էնֆիլդում» «կարմիրները» «քաղաքաբնակներին» նախ Անգլիայի առաջնությունում հաղթեցին (4:3), ապա ջախջախեցին Չեմպիոների լիգայում (3:0) հաշիվներով:  Թեև այն հանգամանքին, որ «Լիվերպուլն» արդեն 24 հանդիպում անընդմեջ չի պարտվել սեփական դաշտում (ընդ որում՝  վերջին 8-ում բաց չի թողել ոչ մի գնդակ), առավելությունը  «Սիթիի» կողմն է:  Նախ՝ Գվարդիոլայի թիմը նախապատրաստվելու համար 1 օր ավելի ժամանակ է ունեցել, երկրորդ պատճառը խաղային ավելի պարզ օրացույցն է: Այն ժամանակ, երբ  «Մանչեսթր Սիթին» պայքարում էր «Օքսֆորդի» (3:0), «Բրայթոնի» (2:0) և «Հովհենհայմի» դեմ (2:1), «կարմիրները» ստիպված էին 2 հանդիպում անցկացնել  «Չելսիի »հետ (1:2, 1:1) և հյուր գնալ «Նապոլիին» (0:1): Չի կարելի մոռանալ նաև  ՊՍԺ-ի հետ հանդիպման մասին, որից դեռ 3  շաբաթ էլ չի անցել: Պատահական չէ, որ այս ծանրաբեռնվածությունից հետո «Լիվերպուլը» միավորներ կորցեց թե´ Անգլիայի առաջնությունում, թե´ Չեմպիոնների լիգայում:

Իհարկե, «Չելսիի» և  «Նապոլիի» հետ հանդիպումներում անհաջողությունների պատճառը կարող է թիմի մարտունակության անկումը լինել, սակայն չի բացառվում, որ Յուրգեն Կլոպի մտքում հենց այս հանդիպումն է անընդհատ պտտվել և նա խնայել է իր ֆուտբոլիստների ուժերն այսօր հաղթանակի հասնելու համար:

 

Այս անդիպման նախօրյակին շատ են խոսակցությունները նաև  Մոհամեդ Սալահի անձի շուրջ: Եգիպտացի տաղանդավոր ֆուտբոլիստն այս մրցաշրջանն այնքան էլ հաջող չի սկսել, այնուհանդերձ վիճակագրությունն այլ բան է ասում. Սալահը հիանալի ցուցանիշներ է գրանցել: Հնարավոր է, որ սա հենց այն խաղն է, որտեղ այս ֆուտբոլիստը նորովի կփայլի:

Հանդիպմանը թիմերը մոտենում են կորուստներով: Հայտնի է, որ խաղին չեն մասնակցի Օքսլեյդ-Չեմբեռլենը, որ վաղուց արդեն «Լիվերպուլի» հիվանդասենյակում է, ինչպես նաև «Մանչեսթր Սիթիից» Կլաուդիո Բրավոն Ֆաբիո Դելֆը:

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է Հարություն Ղարագյոզյանի դին’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆուլհեմ»-ին, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)’