‘
Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը այսօր Երևանում կոչ արեց կուսակցությունների միջև հասնել կոնսենսուսի և քանի որ ավարտվել են ընտրությունները, անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել եվրաինտեգրման գործընթացին: Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:
Հայ գործընկերոջ հետ մամլո ասուլիսում նա միաժամանակ ընդգծեց, որ մեր երկիր է այցելել է ԵՄ-ի հետ համագործակցությանը խթանելու համար:
«Լիտվան հիմա հանդիսանալու է ԵՄ նախագահող երկրը այս տարվա երկրորդ կեսին, և այդ նպատակով մենք այցելում ենք արևելյան գործընկերության երկրներ և փորձում ենք հստակեցնել մեր առաջնահերթությունները: Ես ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ ձեր երկրում առաջընթաց է գրանցվել ասոցացման համաձայնագրի բանակցություններում, ինչպես նաև` ազատ և համապարփակ առևտրի բնագավառում»,-ասաց նա։
Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հույս ունի, որ Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Հայաստանը Եվրաիտեգրման ծրագրերում զգալի հաջողությունների հասած կլինի: Լիտվայի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն ավարտված կլինի Ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները: «Դա շատ մեծ առաջընթաց կլինի, և մենք Հայաստանին հաջողություն ենք մաղթում», — ասաց Լինաս Լինկյավիչուսը:
Հայկական կողմը ևս բազմիցս հույս է հայտնել, որ մինչև նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ավարտած կլինեն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը:
‘