‘
Լիտվան Եվրամիության պատմության մեջ առաջին անգամ երեք ամսով դադարեցրել է Եվրոպայի տարածքում գրանցված հեռուստաալիքի հեռարձակումը:
«РТР-Планета» հեռուստաալիքը, որը ռուսաստանյան դաշնային «Россия 1» հեռուստաալիքի միջազգային վարկածն է, խախտել է հանրությանը տեղեկատվություն հաղորդելու օրենքը, որոշել են լիտվական իշխանությունները: Լիտվայի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեից BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել են, որ ռուսաստանյան հեռուստաալիքը, որը Եվրոպայում հեռարձակվում է Շվեդիայում գրանցված ընկերության միջոցով, «մերկացվել է քարոզչություն տարածելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու և պատերազմի կոչեր հնչեցնելու մեջ», ինչը, լիտվական օրենսդրության համաձայն՝ օրենքի խախտում է:
Հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցվել է Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկու՝ հունվարի 18-ին հեռուստատեսությամբ Ռուսաստանին ուղղված կոչից հետո՝ «փոքր, բայց հաղթական պատերազմ սկսել Դոնբասում, Կիևում և Բրյուսելում»:
Ռուսաստանյան ԱԳՆ-ն լիտվական իշխանությունների որոշումը համարել է «միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում»: Փոխանցում է BBC-ն:
‘