‘ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում հրադադարի խախտման հետաքննության գործուն մեխանիզմներ մշակել’

917

ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը որակում է, որպես հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։

Համաձայն հայտարարության, Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլև ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարանքը։

«Տվյալ միջադեպը կրկին մատնանշում է անհրաժեշտությունն ակտիվացնելու ջանքերը՝  ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդման անհետաձգելի միջոցների և, նախ և առաջ, դրա խախտման հետաքննության գործուն մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը, որոնք բազմիցս առաջարկվել են հայկական կողմերից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը ստացել»,-նշում է ԼՂՀ ԱԳՆ-ն, միաժամանակ նշելով, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Պորտուգալիայում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Սա հարկահավաքի, ոչ թե ռազմավարության կամ քաղաքական բյուջե է (տեսանյութ)’