‘ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպումներ է ունեցել Հունաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ’

599

Մարտի 4–ից սկսվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն, որը կազմակերպել են Հունաստանի Հայ դատի հանձնախումբը և Աթենքի Պանդիո համալսարանը։

ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախօրեին Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում էր ունեցել Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արամ Մանուկյան ակումբի վերաբացման առիթով:

Այցի ծրագրի շրջանակներում՝ մարտի 4-ին և 5-ին, ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ու զրույցներ է ունեցել Հունաստանի քաղաքական շրջանակների մի շարք պատասխանատուների՝ կոալիցիոն կառավարության անդամներ՝ «Դեմոկրատիկի արիսթերա» կուսակցության նախագահ Ֆոթիս Կուվելիսի, «Նոր հանրապետություն» կուսակցության քարտուղար Մանոլիս Գեֆալոյաննիսի և փոխքարտուղար Զոնտանոսի, Հունաստանի խորհրդարանում՝ «Անկախ հույներ» կուսակցության նախագահ Ֆանոս Կամենոսի և մամլո խոսնակ Թերենս Գուիքի
հետ։
Հանդիպումների ընթացքում արծարծվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացի իրողություններն ու ներկայիս զարգացումները, այդ կապակցությամբ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը, Արցախի տնտեսական, սոցիալական, կրթամշակութային և այլ բնագավառներում ու ոլորտներում առկա խնդիրները և հիմնախնդիրները, դրանց լուծման միջոցներն ու ձևերը, այդ համատեքստում՝ հնարավոր համագործակցության ուղիները։
Մարտի 4-ին՝ օրվա առաջին կեսին, Արցախի խորհրդարանի նախագահն այցելել է հունահայոց թեմի ազգային առաջնորդարան՝ հանդիպում ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի տանն Կիլիկիո թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի և թեմական խորհրդի անդամների հետ:
Նույն օրվա երկրորդ կեսին Ա. Ղուլյանն այցելել է Հունաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանատուն և հանդիպում ունեցել արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաջյանի, դեսպանատան աշխատողների հետ։
Մարտի 5-ի առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն այցելել է Աթենքի Զավարյան և Սոֆի Լեւոն Հակոբյան ամենօրյա միջնակարգ վարժարաններ:
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի աշխատանքային այցը Հունաստան շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի բռնցքամարտի հավաքականի անդամը ծանր հրազենային վնասվածք է ստացել. Տեսանյութ’