‘ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ավստալիայից ժամանած ուխտագնացներին ‘

737

Սեպտեմբերի 24-ին Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է  Ավստրալիայի Համազգային Արշակ և Սոֆի Գոլստեն ճեմարանի 10-րդ դասարանի աշակերտներին, ովքեր Արցախ են ժամանել այդ կրթական հաստատության գաղութային հարաբերությունների պատասխանատու Նորա Սևակյանի, կրթական վերակացու Ջիվլեն Ֆորեստերի և մի խումբ ծնողների ընկերակցությամբ։ Հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Ճեմարականների արցախյան այցը, որը հիմնականում ճանաչողական բնույթ էր կրում, իրականացվել է «Ուխտագնացություն հայրենիք» կարգախոսի ներքո։

Ողջունելով պատանի հայրենակիցներին ու նրանց ուղեկցող անձանց, խորհրդարանի նախագահը նրանց այցը կարևորեց որպես հայրենագիտության դաս, որի ընթացքում նրանք հնարավորություն են ստացել  այցելելու տեսարժան վայրեր, հիանալու հայրենի բնության գեղեցկությամբ, պատմական հուշարձանների վեհությամբ,  անմիջականորեն ականատես լինելու արցախահայ ազգակիցների կյանքին ու գործին, գնահատելու  հայրենակերտման  նրանց ջանքերն ու ձեռքբերումները։

«Ես համոզված եմ, որ Ավստրալիա կվերադառնաք վառ ու անմոռաց տպավորություններով և տեղ հասնելուն պես կշտապեք այդ ամենը պատմել ու վերապատմել ձեր հարազատներին և հասակակիցներին», — ասաց նա:

Իր խոսքում ԱԺ նախագահը ներկաներին ներկայացրեց խորհրդարանի  կառուցվածքը, քաղաքական կազմը, գործունեության անցած ուղին, Արցախում անկախ, ինքնիշխան պետականաշինության նվաճումները։  

Հանդիպմանը ներկա էին ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Ժաննա  Գալստյանը և Արմեն Սարգսյանը։

 

 

Նախորդ հոդվածը‘«Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները կհանգեցնեն 3-րդ աշխարհամարտի մեկնարկին»’
Հաջորդ հոդվածը‘Սահակաշվիլին մասնակցել է վրացական նոր քաղաքի հիմնարկեքին:’