‘ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Վիտալի Բալասանյանն ու Վահան Բադասյանը դեմ են քվեարկել ԼՂՀ 2013-ի բյուջեի նախագծին ‘

1172

ԼՂՀ ԱԺ այսօրվա լիագումար նիստում շարունակվել են «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մեջ ներառնված օրինագծերի՝ նախորդ նիստում ընդմիջված քննարկումները և տեղի է ունեցել քվեարկություն։ ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամներ, պատգամավորներ Վիտալի Բալասանյանը (ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու) ու Վահան Բադասյանը դեմ են քվեարկել բյուջեի նախագծին։ Իր ելույթում Վահան Բադասյանը բացատրել է, թե ինչու է դեմ քվեարկել բյուջին: Վերջինիս ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ես դեմ եմ քվեարկելու բյուջեին, որովհետև՝

1. Սոցիալական մասը անբավարար է

Թոշակների, նպաստների չափսը բավականին քիչ է։ Շուրջ երկու տասնամյակ է անցել պատերազմից, սակայն մինչ այսօր չենք կարողանում ապահովել արժանապատիվ կյանք մեր թոշակառուների համար։ Այն դեպքում, երբ թոշակառուների շարքերը սկսել են համալրել պատերազմի վետերանները։ Առողջապահության ոլորտին հատկացված հսկայական գումարներ կան, որոնք ծախսվում են, սակայն համապատասխան ծառայությունները չեն մատուցվում և լի են կոռուպցիոն ռիսկերով, օրինակ՝ բնակչության դիագնոստիկայի ոլորտում։ Ուռճացված է պետական ապարատի կազմը, ինչպես նաև ծառայողական մեքենաների թիվը։ Եթե մի երկրում թոշակառուն չի կարողանում իր թոշակով գոյատևել, ուրեմն անընդունելի է նման երկրում պետական ապարատի ուռճացված կազմ ունենալը։ Իսկ քաղծառայողների մի ստվար զանգված ստանում է սպառողական զամբյուղից ցածր գումար։ Դրանք հիմնականում երիտասարդ կադրեր են, որոնք չեն կարողանում իրենց եկամուտներով հոգալ ընտանիքի նվազագույն հոգսերը։

2. Ներկայացվող հարկային փաթեթը,  երբ ճգնաժամային պայմաններում հարկերի կրկնակի բարձրացում է տեղի ունենում, կխոչընդոտի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Եթե ներկայացվող փաթեթը միտում ունի եկամուտներ ապահովել, ապա այն պետք է ունենա արդարացի մոտեցումներ։ Բոլորս գիտենք, որ մեր հանրապետությունում գործունեության տարբեր տեսակներ տարբեր եկամտաբերություն և շահութաբերություն ունեն։ Հետևաբար հարկման դեպքում էլ տարբեր մոտեցում պետք է ցուցաբերել։ Թվում է, թե հանքարդյունաբերության ոլորտում շահութահարկի և եկամատահարկի ավելացումը բյուջե կբերի լրացուցիչ եկամուտներ, սակայն այս ամենը փոխհատուցվում է ավտոճանապարհների մասհանման հարկի կրկնակի իջեցմամբ։ Առևտրային հարկի մինչև քսան տոկոսով բարձրացնելը կբերի առևտրի բնագավառում փոքր տնտեսվարողների թուլացման, քանզի փոքր ապրանքաշրջանառության դեպքում հիմնական հարվածը հենց նրանք են կրելու։ Այս ամենը բերելու է լրացուցիչ թանկացումների, ինչից հատկապես տուժելու են խոցելի սոցիալական խավերը։

3. Գյուղատնտեսության բնագավառում տրվող արտոնյալ վարկերը ճիշտ ձևով չեն տրվում, հատկապես իրատեսական չեն նշանակված ժամկետները և այդ ժամկետներում վաղաժամ գանձվող տոկոսները։ Ստեղծված մեքենատրակտորային կայանների նման շահագործման  ձևերի պայմաններում, ինչպես այս տարի է տապալվել ամառվա հունձն ու աշնանացանը, այնպես էլ հաջորդ տարիներին ոչ միայն կտապալվի աշնանացանն ու հունձը, այլ մեծ հարված կհասցվի միամյա մշակաբույսերի մշակմանը, փոքր և միջին ծավալի հողօգտագործողները ի վիճակի չեն լինի մշակել իրենց հողակտորները։ Տեղի կունենա ոլորտի արհեստական մոնոպոլիզացիա։

4. Այս տարվա բյուջեում նույնպես բացակայում է վերաբնակեցման քաղաքականությունը։ Գտնում եմ, որ այս քաղաքականությունը, որպես ռազմավարություն, շատ կարևոր է մեր երկրի համար ազգային անվտանգության տեսանկյունից։ Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը կապված է ազատագրված տարածքների խիզախորեն բնակեցումից՝ այն ոգով, ինչ ոգով դրանք ազատագրվել են։

5. Գտնում եմ, որ քիչ է նաև եկամուտների մասը։ Եկամուտները կարող էին համալրվել երկրի ընդերքի և բնական մյուս հարստությունների հաշվին, սակայն այսօր մեր երկրում ընդերքը, որ հանդիսանում է Արցախի ժողովրդի սեփականությունը, անխնա շահագործվում է մեզ հայտնի կամ անհայտ անձանց կողմից։ Ընդերքը հարկավոր է օգտագործել խնայողաբար՝ այն ծառայեցնելով տնտեսության զարգացմանը։ Հանքարդյունաբերության ոլորտի հարկումը բավականին ցածր է, ոլորտից հիմնական շահույթը ստանում է հանքարդյունաբերողը, ոչ թե դրա իրական տերը՝ ժողովուրդը։ Եթե կասկած կամ հարցեր առաջանան իմ ասածների շուրջ, ես պատրաստ եմ կառավարությանը և նշված ոլորտների պատասխանատուներին մանրամասն, կետ առ կետ պարզաբանումներ տալ։ Այս ամենի կապակցությամբ ես առաջարկում եմ հետագայում կազմակերպել խորհրդարանական լսումներ, քննարկումներ»։

 

 

 

Նախորդ հոդվածը‘ ԼՂՀ ՊՆախարար. Հակառակորդին այս տարվա ընթացքում չի հաջողվել հաջողություն ունենալ ‘
Հաջորդ հոդվածը‘Երկու ռուս կանայք բռնաբարվել են Թաիլանդում ‘