‘
Շարունակվում է ԼՂՀ ԱԺ պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստման շրջանակներում: Այդ մասին տեղեկացնու է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Նոյեմբերի 19–ին ԼՂՀ պատվիրակությունն այցելեց Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցավ թեմակալ առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի անդամների հետ: Ողջունելով Արցախի պատվիրակությանը, Հովնան սրբազանը հավաստեց առաջիկա հեռուստամարաթոնին ԱՄՆ Արևմտյան ափի հայության մասնակցությունը:
Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է բարերար Իսահակ Վարդանյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում սոցիալական ծրագրերի հեռանկարներին վերաբերող հարցեր:
Հաջորդ հանդիպումը կայացել է Շուշիում տարբեր ծրագրեր իրականացնող ամերիկահայ բարերարների հետ՝ Ալեք Բաղդասարյանի գլխավորությամբ: Զրույցի ընթացքում քննարկվել են Շուշիում նոր ծրագրեր իրականացնելու գաղափարներ և սպասվող հեռուստամարաթոնին ներկայացված ծրագրի որոշ մանրամասներ:
Նույն օրը երեկոյան կայացել է ԼՂՀ պատվիրակության հանդիպումն Ամերիկայի հայկական համագումարի ԱՄՆ Արևմտյան ափի գրասենյակի պատասխանատուների հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային կարևորություն ներկայացնող խնդիրներ: Աշոտ Ղուլյանը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունն Արցախի շահերն ԱՄՆ-ում պաշտպանելու գործում:
Արցախի Հանրապետության պատվիրակությունն այցելել է նաև Լոս Անջելես քաղաքում Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն, հանդիպում ունեցել գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի և անձնակազմի հետ:
Օրվա ավարտին բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների տանը տեղի է ունեցել ընդունելություն Արցախի պատվիրակության պատվին, որին ներկա էին տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները:
Հանդես գալով ընդունելությանը՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի մեր հայրենակիցների դերը Արցախին սատարելու գործում և նրանց կոչ է արել շարունակել ազգանվեր գործունեությունը հանուն հայրենիքի զորացման:
Հանդիպումներին և միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի ԱԳՆ բազմակողմ համագործակցության վարչության պետ Արմինե Ալեքսանյանը:
‘