‘
Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության երաշխիքների մասին որոշման նախագիծը, որը ենթադրում է նաև ԼՂՀ անկախության ճանաչում, ներառվել է ԱԺ ընթացիկ քառօրյայի օրակարգում: Նախաձեռնության հեղինակը «Ժառանգություն» խմբակցությունը:
Ներկայացնելով օրակարգը` խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը նշել է, որ հարցը չի արժանացել պրոֆիլային հանձնաժողովի հավանությանը, սակայն «Ժառանգություն» խմբակցությունը հարցը համարել է «անհետաձգելի», ուստի որոշման նախագիծը կքննարկվի արտահերթ ռեժիմով` նոյեմբերի 10-ի խորհրդարանի նիստի երկրորդ մասում:
Բացի վերը նշված որոշման նախագծից, արտահերթ կարգով նախատեսվում է քննարկել նաև կառավարության երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնցից մեկը վերաբերում է կառավարության կառուցվածքի փոփոխությանը: Նույն ռեժիմով կքննարկվի երկրում կառավարման ճգնաժամի և ԸՕ փոփոխությունների վերաբերյալ դեռ նախորդ քառօրյայում պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացված որոշման նախագիծը: Հայտարարվել է, որ առաջին հերթին կքննարկվեն կառավարության ներկայացրած անհետաձգելի հարցերը, ինչը հարուցել է ՀԱԿ-ի դժգոհությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ երբ քննարկվում էր արտահերթ հարցերի քննարկման հերթականության հարցը, որոշվել էր, որ այդ հարցում կողմնորոշիչ պետք է ծառայի նախաձեռնության ներկայացման ամսաթիվը: Նա հիշեցրել է, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությունները ներկայացվել են ավելի ուշ, քան կառավարման ճգնաժամի և ԸՕ ուղղումների մասին որոշման նախագիծը: Զուրաբյանը հիշեցրել է, որ մեծամասնությունը ոչ միայն տապալում է ընդդիմության ներկայացրած արտահերթ հարցերը, այլև ոչ իշխանական ուժերի նախաձեռնած արտահերթ նիստերի անցկացումը` այդպիսով լիովին բացառելով արտահերթ քննարկումների մեխանիզմն օգտագործելու ընդդիմության հնարավորությունը:
‘