‘
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարակական գործիչների, տեղեկացնում է ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին:
‘