‘ԼՂՀ եւ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումը Մինսկի խմբին ‘

917

ԼՂՀ Ազգային ժողովի հունիսի 26-ի լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի՝ հունիսի 14-ին Ստեփանակերտում կայացած համատեղ նիստի հայտարարությունը, նշելով, որ, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, այն հրապարակվում է հանձնաժողովի նիստի մասնակից պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակվելուց հետո։

Ստորև ներկայացվում է Հայտարարության վերջնական տեքստը։

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի հանրեպետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովը,

Ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին և այն ժամանակ դեռևս գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրպետության՝ որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավոր լինելու իրողությունը:

Արձանագրելով, որ` ի պատասխան Արցախի ժողովրդի ազատ կամաարտահայտության, Ադրբեջանը որդեգրեց էթնիկ զտումների և ուժային մեթոդներով հարցի լուծման քաղաքականություն, որը շարունակվում է ցայսօր,

Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը կապահովի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անշրջելիությունը և Ադրբեջանի համար կհանդիսանա ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան,

Հաշվի առնելով, որ 1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում խիստ կարևոր ձեռքբերում է, որը հնարավոր դարձավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ուղղակի բանակցությունների շնորհիվ,

Վերահաստատելով հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության վերջնական կարգավորման գրավական հանդիսացող հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման կարևորության մասին:

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի հետաքննության, և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ,

ՀԱՄՈԶՄՈՒՆՔ Է  ՀԱՅՏՆՈւՄ,

որ հայ ժողովուրդը` Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի, ինպես և նախկինում, կգործադրի իր ողջ ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով երաշխավորված ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունն ապահովելու համար:

ԴԻՄՈՒՄ Է

Մինսկի խմբի համանախագահներին ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին: 

Նախորդ հոդվածը‘Արտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում. 3000-ից ավելի գյուղացիներ փակել են ճանապարհը. Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը՝ թրաֆիքինգի մասին. Տեսաբլոգ’