‘ԼՂՀ-ը պատրաստակամ է ծանրակշիռ ավանդ բերել տարածաշրջանում կայուն խաղաղության, պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը’

659

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը Ղարաբաղյան շարժման 25 –ամյակի առիթով հայտարարություն է տարածել, որում ասվում է.  

«Քառորդ դար առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունը պետական իշխանության լիազոր մարմնի՝ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի միջոցով բարձրացրեց ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցը` փորձելով օրինական ընթացակարգերի միջոցով իրագործել իր ազատ ինքնորոշման իրավունքը:

Ի հակակշիռ իր իսկ հռչակած ժողովրդավարական բարեփոխումների եւ վերակառուցման ուղեգծի, Խորհրդային Միության ղեկավարությունն ընկալունակ չգտնվեց հարցի հանդեպ, իսկ Ադրբեջանը որդեգրեց թշնամական կեցվածք ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլեւ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի հանդեպ: ԼՂԻՄ մարզային խորհրդի նստաշրջանի ընդունած որոշման պատասխանը եղան հակահայկական հիստերիան ու գործողությունները, որոնց ամենավայրագ դրսեւորումը հանդիսացավ Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության սպանդը եւ բռնի տեղահանությունը:

Այդ պահից մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Ադրբեջանական ԽՍՀ տարածքում էթնիկական զտման է ենթարկվել ավելի քան 500 000 հայ, ովքեր  ապրում էին իրենց հայրենիքում եւ ունեին սեփական ճակատագիրը տնօրինելու անօտարելի իրավունք: Միայն բացառիկ ինքնակազմակերպվածության, տոկունության, ողջ հայ ժողովրդի եւ միջազգային հանրության աջակցության շնորհիվ արցախահայությունը կարողացավ դիմագրավել ամենադաժան մարտահրավերները եւ գոյատևել իր սեփական բնօրրանում:

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը, հրաժարվելով խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց, դե-յուրե ու նաեւ փաստացի կորցրեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ պետական իշխանություն իրականացնելու իրավունքը, իրեն հայտարարեց  1918-20թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որի իրավազորությունը Լեռնային Ղարաբաղի վրա երբևէ ոչ մի ձեւով չի տարածվել։

Փոփոխված աշխարհաքաղաքական միջավայրում հիմք ընդունելով նաեւ այդ իրողությունը՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքների ուժով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց որպես անկախ պետություն՝ իրեն պարտադրված պատերազմում կասեցնելով Ադրբեջանի զինված նախահարձակումը, դառնալով հակամարտության գոտում հրադադարի հաստատման 1994թ. համաձայնությունների լիիրավ կողմ:

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած անկախ, ինքնիշխան ժողովրդավարական եւ սոցիալական պետություն է, որն ինքնուրույն է որոշում իր ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները,  հարեւանների հետ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը: Այս հիմքի վրա է մեր ժողովուրդը պատկերացնում իր ներկա եւ գալիք սերունդների խաղաղ կյանքը սեփական հայրենիքում:

Հիմնվելով վերոհիշյալի վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, որպես երկրի օրենսդիր իշխանության մարմին, հավատարիմ մնալով Ղարաբաղյան շարժման ոգուն եւ  որդեգրած արժեքներին, իր պատրաստակամությունն է հայտնում դրանք հետեւողականորեն շարունակելու եւ պաշտպանելու գործին եւ հայտարարում, որ`

—              գլուխ է խոնարհում Շարժման երախտավորների անվան ու գործի, հայրենիքի ազատության, ինքնիշխանության համար նահատակվածների  անմար հիշատակի առջև,

—              հետամուտ է  Ադրբեջանի Հանրապետության հետ առկա խնդիրների խաղաղ-բանակցային կարգավորմանն այն իրավական հիմքով, որ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Սահմանադրությամբ,

—              պատրաստակամ  է  ծանրակշիռ ավանդ բերել տարածաշրջանում կայուն խաղաղության, պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված բոլոր այն ջանքերում, որոնք հիմնված կլինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի վրա:

 

 

Նախորդ հոդվածը‘Նեյմարին կարող են որակազրկել 15 խաղով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գայլերի որսը կարգելվի` դրանց թվի նվազմամբ պայմանավորված’