‘ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի առաջին տասնօրյակում’

764

ԼՂՀ խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն գալիք տարվա մայիս ամսվա առաջին տասնօրյակում։ Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Հաղորդում է karabakh-open.info-ն:

ԿԸՀ նախագահն անդրադառնալով ընտրությունների անցկացմանը, ծանոթացրել է ընտրական նոր օրենսգրքի (կգործի հունվարի 1-ից) փոփոխություններին՝ կապված ընտրագրավի, նախընտրական հիմնադրամների, թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրման, խորհրդարան մտնելու շեմի և այլ հարցերի հետ։

Ի դեպ, ավելի վաղ խորհրդարանում որոշվել էր, որ համամասնական և մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մանդատների հարաբերակցությունը 22/11 պետք է լինի՝ գործող 17/16-ի փոխարեն։ Խորհրդարան մտնելու համար նվազագույն շեմ է սահմանվել կուսակցությունների համար՝ 5, կուսակցությունների դաշինքի համար՝ 7 տոկոսը՝ գործող 6-ի և 8-ի փոխարեն։ Փոփոխություն է մտցվել նաև համամասնական ընտրակարգով առաջադրվող կուսակցական ցուցակներում սեռերի հարաբերակցության մասով. նոր օրենսգրքով սկսած երկորդ համարից յուրաքանչյուր հնգյակում սեռերի հարաբերակցությունը պետք է լինի 80/20։

Հարցին, թե որքան գումար է նախատեսվում գալիք տարում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, Սրբուհի Արզումանյանը տեղեկացրել է, որ շուրջ 200 մլն դրամ է նախատեսվում ինչպես նշված, այնպես էլ 2015-ին նախատեսվող 200-ից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրությունների անցկացման և տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 2500 պոտենցիալ անդամների ուսուցման համար։

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ գալիք տարում 200-ից ավելի համայնքներում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն մինչև օգոստոսի 18-ը։

Նախորդ հոդվածը‘ՓՄՁ աջակցության կետրոնի տնօրեն. Դրամի արժեզրկումը ավելի գրավիչ է դարձնում տեղական արտադրանքը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի բյուրոյի փոխնախագահ’