‘
Երել ԼՂՀ-ում անց են կացվել խորհրդարանական ընտրություններ: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ ուշ երեկոյան հրապարակած տվյալների համաձայն՝ ԱԺ ընտրություններին ընտրացուցակներում ընդգրկված էր 102 հազար 34 քաղաքացի: Նրանցից ընտրություններին մասնակցել է 70.6 %-ը կամ 72 հազար 35 մարդ:
Գիշերվա ժամը 3:00-ի դրությամբ՝ ըստ որոշ կուսակցություների հաշվարկների՝ ոչ պաշտոնական ու մոտավոր պատկերը հետևյալն է:
1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%,
2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է,
3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%,
4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
5. «Խաղաղություն եւ զարգացում« կուսակցություն – 1%-ից քիչ,
6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%,
7. «Շարժում-88» կուսակցություն – 6.5%:
Ընտրությունների ընթացքի և ընտրախախտումների վերաբերյալ Ղարաբաղից ստացվող տեղեկատվություն գրեթե չկա: Yerkir.am-ի փոխանցմամբ, ՀՅԴ դիտորդները տարբեր ընտրատեղամասերում արձանագրել են մի շարք խախտումներ: Շուրջ տասը հոգանոց խմբերով Ստեփանակերտի մի քանի ընտրատեղամաս են այցելել մարդիկ, ովքեր ԼՂՀ-ում քվեարկելու իրավունք չեն ունեցել: Նրանք ուրիշի անձնագրերով փորձել են քվեարկել, սակայն ընտրախախտում անելու փորձը կանխվել է, և նրանց թույլ չի տրվել քվեարկել: Եվս մեկ խախտում է արձանագրվել Մարտունու ընտրատեղամասերից մեկում: Ընտրախցիկում գտնվող անձը քվեարկությունից հետո բարձրաձայն ասել է, թե ում է ընտրել: Այդ քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր:
Ընտրությունների ընթացքին հետևող շուրջ 110 դիտորդներ, որոնց թվում են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի խորհրդարանականներ խախտումներ չեն արձանագրել և հայտարարում են, որ ընտրությունները անցել են եվրոպական չափանիշներին համապատասխան:
Արցախի ԿԸՀ-ն խախտումների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացել:
ԼՂՀ խորհրդարանի 33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի: Համամասնական 22 տեղի համար պայքարում են 7 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Խաղաղություն և զարգացում», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունները:
Այս գումարման ԱԺ-ն՝ ի տարբերություն նախորդների լինելու է պրոֆեսիոնալ:
‘