‘ԼՂՀ ներկայացուցիչը New York Times-ի ընթերցողներին պատմել է Ադրբեջանի նպատակների մասին’

793

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը New York Times թերթում, հրապարակված իր հոդվածում քննադատել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սոլեյմանովին:  Նշենք, որ վերջինը նույն թերթում հրապարակած նյութում մեղադրել էր ԱՄՆ-ին՝ Ադրբեջանի ղեկավարությանը քննադատելու համար։

Ըստ ԼՂՀ ներկայացուցչի, Ադրբեջանի դեսպանը կարծես կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել իր երկրում մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավը, դրա փոխարեն Վաշինգտոնին առաջարկելով ուշադրություն դարձնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությանը, որը շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանի ռևանշիստական ձգտումների պատճառով:

Ռոբերտ Ավետիսյանը նաև նշել է, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումների աճի միջոցով է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել երկրում իրականացվող ճնշումներից: «Բաքուն պետք է դադարեցնի սադրանքներն առաջնային գծում: Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն ապացուցում է, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է՝ անգամ արտաքին ագրեսիայի մշտական սպառնալիքի պայմաններում»,-ասված է Ավետիսյանի հոդվածում:

Հիշեցնենք, որ տարեսկզբից Ադրբեջանը ձեռնարկել է բազմաթիվ դիվերսիոն փորձեր, ինչի արդյունքում կորցրել է 14 զինծառայող, իսկ 20 հոգի վիրավորվել է: Ցավոք, կորուստներ ունի նաև հայկական կողմը: Տարեսկզբից շփման գծում և սահմանի վրա հակառակորդի գնդակներից զոհվել է 7 հայ զինծառայող: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Դատավճռով տրվել է իրավիճակային լուծում’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցությունը, սահմանադրությունը, մենատիրությունը’