‘ԼՂՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել’

845

Հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով երեկ նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին տեղեկցնում է ԼՂՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

«Հունվարի 31-ին ԼՂՀ-ում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովում իրականացրած ոստիկանության ծառայողների ծառայողական պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու դրսևորած վարքագծին առնչվող հարցերի քննության նպատակով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով՝ փետրվարի 3-ին հրաման է ստորագրվել ծառայողական քննություն նշանակելու մասին»,- ասված է կայքում հրապարակված հայտարարությունում:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու համար է մեկնած եղել Բերձոր, որովհետև հավաստի տվյալներ է ունեցել, որ Քաշաթաղի շրջանից հարյուրավոր մարդիկ մտադիր են գնալ այնտեղ և կասեցնել ավտոերթը: «Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Փաստորեն ոստիկանները գնացել էին Բերձոր, որպեսզի թույլ չտան, որ «հարյուրավոր մարդիկ» ծեծեն ավտոերթի մասնակիցներին: Եվ պատկերացրեք` ձևը գտել են. իրե՛նք են ծեծել: Եվ դրանով իսկ կանխել են «հասարակական կարգի խանգարումը», որովհետև եթե մի խումբ քաղաքացիներ ծեծում են մեկ այլ խումբ քաղաքացիների` դա հասարակական կարգի խանգարում է, իսկ երբ ոստիկաններն են ծեծում` դա արդեն «ռեյդային ստուգում» է, այսինքն` պլանային միջոցառում: Ճիշտ է, ծեծվածների համար առանձնապես տարբերություն չկա, բայց իրավական տեսանկյունից տարբերությունը մեծ է: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են սաստիկ քամու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիերայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստները’