‘ԼՂՀ-ում կառավարությունը սահմանել է հացի գինը` 110 դրամ ‘

1432

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված պարենային ապրանքների շուկայում տիրող իրավիճակի քննարկմանը: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից: Պետական իրավասու մարմինների ղեկավարների և հանրապետության ցորեն ու ալյուր արտադրող ձեռնարկատերերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության հիմնական նպատակն էր  կանխել սպառողական զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքատեսակի` հացի գնաճը: Պարենային մթերքների շուկայում տիրող իրավիճակի մասին համառոտ տեղեկատվությամբ է հանդես եկել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են պարենային մթերքների գների բարձրացման դեպքեր, ինչն ըստ խորհրդակցության մասնակիցների՝ պայմանավորված էր միջազգային շուկայում ցորենի գնաճով:

ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է  ԼՂՀ-ում  ցորենի արտադրության և արտահանման ցուցանիշները: Ըստ այդմ՝ արտադրվել է ավելի քան 102 հազար տոննա հացահատիկ, արտահանվել ՀՀ` ավելի քան  18 հազար տոննա:

Նշվում է, որ սոցիալական սրացումներից խուսափելու համար  կառավարությունը ստիպված դիմում է սահմանափակումների` արգելել ցորենի արտահանումը, սահմանել ցորենի նվազագույն գին: Վարչապետ Հարությունյանն ասել է, թե պետք է ընտրել այնպիսի տարբերակ, որ ընդունելի լինի և ցորեն արտադրողների, և հացարտադրողների, և սպառողների համար:

Քննարկման արդյունքում որոշվել է հանրապետությունում 1 կգ ցորենի նվազագույն գինը սահմանել 150 դրամ, իսկ 1 պարկ բարձրակարգ ալյուրի գինը` 11 հազար 700դրամ. այս պայմաններում  առաջիկա ամիսներին կպահպանվի հացի առկա  գինը` 110դրամ:

Հանձնարարվել է բոլոր ալրաղացներին և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» ցորենը մթերել սահմանված գնով:

Խորհրդակացությանը ներկա ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ այդ սահմանափակումներն արվում են` ելնելով կառավարության վարած քաղաքականությունից, և որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում:   

Նախորդ հոդվածը‘Գիտնականներն ապացուցել են, որ գոյություն ունի ոչ թե մեկ, այլ երկու «Մոնա Լիզա»’
Հաջորդ հոդվածը‘«Ատլետիկոն» Ֆալկաոյին չի վաճառի ոչ մի գնով’