‘ԼՂՀ վարչապետը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը’

1281

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը արձագանքել է գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալմանը: «Շատ ենք ցավում, որ նման դեպք է տեղի ունեցել: Մեզ համար զարմանալի դեպք է, քանի որ մենք բոլորս ճանաչում ենք Լևոն Հայրապետյանին, գիտենք նրա մարդկային որակները, նրա կյանքի ուղին: Մենք կասկածամտորեն ենք վերաբերում այդ կալանքին, համոզված ենք, որ ժամանակի ընթացքում կպարզվի, որ մեր հայրենակիցը, մեր մեծ բարերարը որևէ կապ չունի հանցագործության հետ»,- ԼՂՀ վարչապետի խոսքերն է մեջբերում aparaj.am-ը:

Նրա համոզմամբ` Լևոն Հայրապետյանը ոչ միայն մեծ բարերար է Արցախի և Հայաստանի համար, այլև նրա շնորհիվ բազմաթիվ մեր հայրենակիցներ դարձել են բարերարներ մեր հայրենիքում:

 «Այսօր բոլորը միավորվել են Արցախում, Հայաստանում, Սփյուռքում, համապատասխան մարդիկ զբաղվում են այդ գործի ուղղությամբ, մեր համապատասխան մարմիններն էլ համոզված են, որ աշխատանքները, որոնք իրականացվում են, լինելու են արդարադատության պահանջներից ելնելով: Հուսանք, որ առաջիկայում լավ տեղեկություններ կունենաք: Այսօր մեզ, իհարկե, ամենաշատը մտահոգում է նրա առողջական վիճակը: Բարեբախտաբար, այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկվել, բժիշկների կողմից վերահսկվում է նրա առողջությունը: Անհամբեր սպասենք նրա ազատման լուրին,- հավելել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին: Քննչական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Նախորդ հոդվածը‘Արաբկիր համայնքում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Չորրորդ համաշխարհային պատերազմին նախապատրաստվելիս’