‘ԼՂՀ վարչապետ. ԼՂՀ-ում կմեկնարկեն սոցիալական նոր ծրագրեր ‘

890

Անցնող տարվա ձեռքբերումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը համարում է հուլիսին կայացած նախագահական ընտրությունները, որ անցան եվրոպական չափանիշներով, օրինավորության և թափանցիկության պայմաններում, իսկ բացթողումները, ըստ նրա` շատ են: Ինչպես հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի բաժինը, այս մասին Հարությունյանը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, հարկային մուտքագրումների ավելացման, աշխատավարձերի, թոշակների բարձրացման և այլ ոլորտների զարգացման վերաբերյալ հարցերի պատասխանները կառավարության ղեկավարը հիմնականում կապում է տնտեսական աճի հետ: Դրան են ուղղված տարբեր ծրագրերն ու հարկային ոլորտում առանձին հարկատեսակների մասով կատարված վերջին փոփոխությունները: Ա. Հարությունյանի համոզմամբ` հարկային ճիշտ քաղաքականությունը կանխում է սոցիալական շերտավորումը և նպաստում սոցիալական պետության ստեղծմանը: Շահութահարկի դրույքաչափի բարձրացումը, հատկապես հանքարդյունաբերության բնագավառում, կավելացնի բյուջեի մուտքերը, ինչն էլ առաջիկա տարիներին հնարավորություն կտա բարձրացնել աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները:

Կառավարությունը ծրագրեր է մշակում գործազրկության դեմ: Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի մասնաշենքը կտրվի վարձակալությամբ` թեթև արդյունաբերություն հիմնելու նպատակով: Տնտեսության այս ճյուղի զարգացումը գործազրկության մակարդակը, հատկապես կանանց շրջանում, նվազեցնելու միտում է հետապնդում:

Հիփոթեքային վարկավորումը բնակչության լայն շրջանին մատչելի դարձնելու համար կառավարությունը մտադիր է վերանայել ծրագրի պայմանները, մասնավորապես, մայր վարկի մարման ժամկետների, վարկերը դրամով հատկացնելու առնչությամբ: Ծրագիրը` փոփոխություններով հանդերձ, հավանաբար, կգործի գալիք տարվա առաջին եռամսյակից:

Ա. Հարությունյանը անդրադարձավ նաև կարիքավոր ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդրին: Մեկնարկում է ծրագիր, որով կբարելավվեն ինչպես առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների, այնպես էլ վթարային շենքերում և հանրակացարաններում ապրող քաղաքացիների բնակարանային պայմանները:
Պատասխանելով լրագրողների բազմաթիվ այլ հարցերի` Արցախի Հանրապետության կառավարության ղեկավարը պարզաբանել և ներկայացրել է տարբեր բնագավառներում իրականացված ու կատարվելիք ծրագրերը, մեկնաբանել առանձին հիմնահարցեր:

Նախորդ հոդվածը‘Կարեն Թովմասյան. Քաղաքական դաշտում ձևավերվում է մի յուրօրինակ կոնսեսուս’
Հաջորդ հոդվածը‘Շահեն Պետրոսյան. «Տեր-Պետրոսյանը կյանքում չի գնա ընդդեմ ինչ-որ բանի, ինքը գնում է հանուն ինչ-որ գաղափարի»’