‘ԼՂՀ 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումները կմեկնարկեն դեկտեմբերի 5-ին ‘

668

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցում էին նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, գերատեսչությունների ղեկավարներ։

Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը, օրակարգում «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր։

Օրինագծի և բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ նիստում հաղորդմամբ հանդես եկավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը՝ հանգամանալի ներկայացնելով օրենքի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշները։ Ընդգծելով, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը ելակետային հիմք է ընդունել հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթները, ինչպես նաև կառավարության գործունեության 2012թ. ծրագիրը, նա  նշեց, որ 2013 թվականին գործադիրի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում ուղղված է լինելու տնտեսական զարգացմանը և աճի կայուն տեմպերի ապահովմանը, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ստեղծմանը, պետականաշինության կատարելագործմանը և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը։ Նախարարի հավաստիացմամբ՝ կառավարությունը գալիք տարում նույնպես կձգտի ապահովել նախանշված ֆինանսական բոլոր մուտքերը, կյանքի կոչել հաստատված պետական առաջնահերթ ծրագրերը:

Համաձայն ներկայացված գլխավոր ֆինանսական փաստաթղթի, առաջարկվում է ԼՂՀ 2013թ. պետական բյուջեն  հաստատել. եկամուտների գծով՝ 70 մլրդ 293.8 մլն դրամի, ծախսերի գծով` 71 մլրդ 066.0 մլն դրամի, իսկ պակասուրդը՝ 772.2 մլն դրամի չափով:

Ի պատասխան  պատգամավորների հարցերի՝ նախարարը հանդես եկավ նաև լրացուցիչ պարզաբանումներով։ Առանձին հարցերի կապակցությամբ պարզաբանումներ տվեց նաև  վարչապետ Արա Հարությունյանը։ Համատեղ նիստի աշխատանքներն ամփոփեց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նշելով, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկող քննարկումները տարբեր ձևաչափերով ու փուլերով շարունակվելու են ներառյալ մինչև դեկտեմբերի 26-ը՝ համաձայն նախապես հաստատված ժամանակացույցի, նա գործընկերներին  կոչ արեց հանգամանալի ուսումնասիրել ներկայացված բյուջետային փաստաթղթերի փաթեթը և սահմանված ժամկետներում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց առաջարկությունները։   

 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Արտագաղթում են, աղքատության մեջ են բայց քվեարկում են հօգուտ ՀՀԿ-ի՝ անտրամաբանակա՛ն է’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյանը հիշեց Մեծ Բրիտանիայի դեսպանի առջև «կրծքաբաց» ՕԵԿ-ական կնոջը ‘