‘ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան փաստաթուղթը’

2636

Ազատամարտիկների՝ երեկ տեղի ունեցած հանրահավաքում մասնակիցներին է բաժանվել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սկզբունքների մասին մի տեղեկանք: Մենք ուսումնասիրեցինք և պարզվեց, որ այն նույն «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթն է, որը դեռևս 2011թ. հունիսի 16-ին հրապարակվել է «Հայկական ժամանակ թերթում»: Թեմայի եւ փաստաթղթի արդիականությունը հաշվի առնելով` ձեզ ենք ներկայացնում այդ փաստաթուղթը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները

Մադրիդյան փաստաթուղթ

 

2007թ. նոյեմբեր 29, Մադրիդ

 

Մենք` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներս, համաձայնվել ենք, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում

Հղում կատարելով  Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱՀԽ Մասնակից պետությունների միջեւ հարաբերությունները ուղղորդող սկզբունքների Հռչակագրին եւ մասնավորապես, II հոդվածին` ուժի, կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, IV հոդվածի` պետությունների տարածքային ամբողջականության եւ VIII հոդվածի` հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ

Համաձայն այդ դրույթների, սույնով մենք կարգադրում ենք մեր ԱԳ նախարարներին, համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, մշակել համապարփակ հակամարտության Խաղաղ կարգավորման Խաղաղության Համաձայնագիր, հիմնվելով ներքոշարադրված սկզբունքների վրա.

1) ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ենթադրում է ԼՂ բնակչության կամքի ազատ եւ արդար (genuine) արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու  մանրամասները (modality) կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում: ԼՂ բնակչություն` հասկացվում է որպես 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերի բնակչություն: Պլեբիսցիտի ընթացքում հարցի ձեւակերպման սահմանափակում չի լինելու:

2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ եւ առավելություններ, որոնք կորոշակիացվեն Խաղաղության Համաձայնագրում ներքոշարադրյալ սկզբունքների համաձայն.

ԼՂ բնակիչները պետք է ունենան ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական եւ տնտեսական կենսագործունեությունը եւ անվտանգությունը պաշտպանելու եւ վերահսկելու իրավունք` համաձայն միջազգային իրավունքի:

ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու պաշտոնյաներ` միջանկյալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտոնյաները կիրականացնեն օրենսդիր եւ գործադիր իշխանություն, ինչպես նաեւ կհիմնեն դատարաններ: Այդ պաշտոնյաները նաեւ իրավունք կունենան կազմակերպել ընտրություններ Խաղաղության Համաձայնագրով նախատեսված շրջաններում:

ԼՂ միջանկյալ իշխանությունները կունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը պարտադիր չէ:

ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն:

3) Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից:

Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը` մինչեւ Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:

Քելբաջարի շրջանի վերահսկողությունը իրականացնելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը իրականացնելու է  Քելբաջարի շրջանի միջազգային մշտադիտարկում: Քելբաջարի բնակչության դուրս գալը շրջանից խրախուսվելու է:

Ադրբեջանական տեղահանված անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ստորագրումից հետո:  

4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է կապի Հայաստանն ու Ղարաբաղը: Մինչեւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որը առկա էր փաստաթղթի ստորագրման պահին: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի կարգավիճակը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:

5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցով  Հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրերի անվտանգությունը ապահովված է: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք առանց խտրականության օգտվելու են մարդու իրավունքներից եւ հիմնարար ազատություններից: Նրանց համակեցությանը պետք է նպաստեն բոլոր կողմերը, նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաեւ կարգավորել հայերի եւ ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական եւ սոցիալական վիճակը:

6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով Միջազգային խաղաղապահ գործողություն է իրականացվելու մինչեւ Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Խաղաղապահ միավորները կազմված են լինելու զորքերից: Խաղաղապահ գործունեության համար զորքերի տրամադրումը իրագործվելու է կամավոր հիմքերի վրա: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:

Խմբ. կողմից — Փաստաթուղթը ունի նաեւ եզրափակում, որտեղ, բացի ամփոփիչ գնահատականներից, նշվում է, որ Հիմնարար սկզբունքները նախատեսում են 4 հանձնաժողովի ստեղծում: Առաջինը պետք է մշակի «Պլեբիսցիտի իրականացման մանրամասները», երկրորդը պետք է հստակեցնի  «Միջանցքի ապագա կարգավիճակը», երրորդը պետք է մշակի «Քելբաջարի շրջանի ամբողջական փոխանցումը Ադրբեջանին», եւ չորրորդը պետք է քննարկի  «Հիմնարար սկզբունքների իրագործմանը առնչվող լրացուցիչ հարցեր»:

 

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց նախագահականի դիմաց` «Ո՛չ Մաքսային միությանը» (լուսանկարներ)’