‘ԼՂ հարցում ականջահաճո պաթոսը «թարգելու» եւ ազնիվ խոսելու ժամանակը’

5081

Երեկ ԵՊՀ-ում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել: Հայտարարությունն առավել առարկայական է դառնում օրեր առաջ Հանրային խորհրդի անդամների հետ իր հանդիպման ֆոնին:

Հիշեցնենք, որ ՀԽ անդամների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին եւ առաջարկել էր այդ կառույցի անդամներին մշակել հիմնախնդրի կարգավորման իրենց կոնցեպտը:

Երեկ էլ Փաշինյանը հայտարարեց, որ համազգային տեսլականներ չկան, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի հարցում, թե ինչպես ենք պատկերացնում հակամարտության կարգավորումը, եւ, ասենք՝ 50 տարի հետո այդ հարցն ինչպես պետք է լուծված լինի, կամ թե՝ պատկերացնում ենք, որ այդ ժամանակ դեռ բանակցություններ պետք է ընթանան:

Այդ կոնսենսուսի բացակայությամբ էլ հենց Փաշինյանը բացատրել է այն, որ բանակցությունների գնացող ղեկավարի մասին ասում են՝ «գնաց հողերը ծախելու»:

«Բնական հարց կծագի՝ բա դուք, որ գնացել եք բանակցելու, դուք պատկերացում ունե՞ք, թե՞ չունեք: Ես, բնականաբար, ունեմ պատկերացում, բայց ես չեմ ուզում՝ դա լինի իմ պատկերացումը, որովհետեւ ես էլի շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, վարչապետ չի, հարցի սեփականատերը ամբողջ հայ ժողովուրդն է, եւ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձեւակերպի՝ ինքը ո՞նց է պատկերացնում: Մենք մի մեծագույն սխալ ենք գործել 3-րդ հանրապետության ողջ պատմության ընթացքում․ մենք փոխանակ ասենք, որ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, հակառակն ենք արել՝ ասել ենք՝ եկեք Ղարաբաղի մասին ընդհանրապես չխոսենք, դրա համար ձեւավորվել է անորոշության եւ կասկածի մթնոլորտը»,- հայտարարել է Փաշինյանը:

Այն, որ «հողեր ծախելու» թեման վաղուց դարձել էր ներքաղաքական կյանքում հարցեր լուծելու զենք, գաղտնիք չէ: Բայց դա հենց այնպես՝ օդից տեղի չի ունեցել: Դա արվել է ծրագրված, մարդկանց բովանդակային քննարկումներից զգայական դաշտ տեղափոխելու եւ այդպիսով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու ու սեփական քաղաքական կյանքը երկարացնելու համար: Եւ ի վերջո, ինքը Փաշինյանն էլ զերծ չէր մնացել այդ տեսակ բովանդակության մեջ մտնելու «գայթակղությունից»։ Բայց այն ժամանակ նա ընդդիմություն էր, իսկ այսօր նա իշխանություն է, պետության ղեկավար, որն արդեն իր սեփական մաշկի վրա է զգում այդ կործանարար քարոզչության ամբողջ ծանրությունն ու ավելի խորքային է պատկերացնում հարցի նրբությունը:

Ինչպես սկսվեց

ԼՂ հիմնախնդրի կարգավորման ամենամեծ խոչընդոտն այսօր, որքան էլ տարօրինակ է, այն չէ, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատկերացումներ ունեն կարգավորման ուղիների մասին: Ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ 1998 թվականից հետո քաղաքական դաշտի գերակշիռ մասը որեւէ պատկերացում չունի կարգավորման մասին, հանրությունը այլեւս դուրս է մնացել բանական քննարկումներից, եւ ավելի քան 20 տարի քննարկումները տեղափոխվել են մանիպուլյատիվ՝ իրականության հետ աղերս չունեցող մի դաշտ, որտեղ մտքի փոխարեն գերիշխում են պաթոսն ու կենացները: Բայց դա ինքնաբերաբար կամ ինքնաբուխ տեղի չի ունեցել, այս կործանարար միտումը ստեղծվել է նպատակաուղղված:

Մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը Հայաստանի իշխանությունները եւ, մասնավորապես, նախագահ Տեր-Պետրոսյանը հանրության հետ ազնվորեն խոսում էր կարգավորման մասին, նա բաց խոսում էր կարգավորման տարբերակների, դրանց հետեւանքների մասին: Նա ազնիվ էր քաղաքացիների հետ եւ չէր թաքցնում բանակցությունների էությունը:

Այլ քաղաքական գործիչներ, սակայն, նույնքան ազնիվ չէին, եւ հենց այդ ազնվությունը դարձրին Աքիլեսյան գարշապար ու իշխանություններին հեռացնելու զենք:

«Տեր-Պետրոսյանը հանձնում է Ղարաբաղը, իսկ մենք դա չենք անի/անում» գոռալով 1998 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իշխանության եկածները այս մոտեցումը դարձրին անկյունաքար եւ, ըստ էության, վերահսկելով ԶԼՄ-ների մեծ մասը՝ տարիներով նպատակաուղղված քարոզչություն էին իրականացնում՝ «հողերը ծախում են»  թեմայով: Առարկայական քննարկումները փաստացի դադարեցնելով եւ դրանք կեղծ պաթոսի դաշտ տեղափոխելով՝ Քոչարյանն ու ապա Սարգսյանը Ղարաբաղի հարցը դարձրել էին սեփական իշխանության պաշտպանության համար մաշվող վահան՝ իրականում օրակարգ բերելով սուտը: 1998-ից սկսյալ՝ նրանք բանակցել են մի քանի փաստաթղթերի շուրջ, որոնք բոլորն էլ ամրագրել էին փոխզիջումային լուծումներ, իսկ Քոչարյանի «Ընդհանուր պետություն»-ը՝ Ղարաբաղի ամբողջական հանձնումը Ադրբեջանին: Բայց բանակցելով նույն՝ փոխզիջումային տարբերակի շուրջ՝ քարոզչության միջոցով իրենք հանրությունից թաքցնում էին ճշմարտությունը, այն ներկայացնում էին սեփական մեկնաբանությամբ՝ շարունակելով հակաքարոզչությունը նախկինների հանդեպ: Ավելորդ է նշել անգամ, որ տարիների այդ քարոզչությունը ու նաեւ վախի մթնոլորտը հանգեցրել էին նրան, որ քաղաքական ուժերը փաստացի վախենում էին կարգավորման մասին բաց ու ազնիվ խոսել՝ «հող տվողի» պիտակին չարժանանալու համար, իշխանություններն էլ հանրության մեծ մասին համոզել էին, թե հարցն, ըստ էության, լուծված է «մեր օգտին»՝ ոչինչ չասող ու առանց հստակեցումների ձեւակերպմամբ:

ԼՂ հարցը շահարկելով՝ սեփական իշխանությունը պահելու նրանց ձգտումը ոչ միայն խեղել էր քաղաքական դաշտի քննարկումները, այլեւ հանրությունից տարիներով ճշմարտությունը թաքցնելու շնորհիվ «հող են տալիս» թեզը դարձել էր ներքաղաքական պայքարի լավագույն զենքը: Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ այդ քարոզչության հիմնադիրներից ու ջատագովներից մեկը՝ Սերժ Սարգսյանը, ի վերջո դարձավ այդ քարոզչության զոհը: 2008 թվականին, երբ նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում կառավարելու է 3 տարի միայն, Սարգսյանը քմծիծաղով հակադարձեց, թե երւեի այդքան ժամանակ է նրան պետք «Ղարաբաղը ծախելու համար»: Դա հենց այն ժամանակ էր, երբ Սարգսյանը միջազգային հանրության առջեւ արդեն իսկ ստանձնել էր 2007-ին Քոչարյանի կողմից ընդունված «Մադրիդյան սկզբունքների» համար պատասխանատվությունը, եւ երբ 2011-ին Կազանում բանը հասավ արդեն գրեթե փաստաթղթի ստորագրմանը՝ ինքը, իր իսկ տերմինաբանությամբ՝ հռչակվեց հող տվող:

2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանը նորից առանց թաքցնելու եւ բաց խոսեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին, տարիներով խեղված քաղաքական դաշտը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, նորից անցավ ականջահաճո պոպուլիզմին:

Նախընտրական շրջանում «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալված Տեր-Պետրոսյանը արձանագրում էր, որ «Ղարաբաղի հարցը հայ ժողովրդի գերագույն խնդիրն է», եւ որ բոլոր քաղաքական ուժերը այդ հարցում պետք է հստակ մոտեցումներ ներկայացնեն՝ պատասխանելով, թե կոնկրետ ԻՆՉՊԵՍ են պատկերացնում կարգավորումը: Նա նշում էր, որ իր ղեկավարած ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, բաց ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի մասին իր մոտեցումը, այնինչ ԱԺ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը խուսափում էին այդ հարցի վերաբերյալ բաց արտահայտվել իրենց նախընտրական ծրագրերում: Տեր-Պետրոսյանը արձանագրում էր՝ մասնակցող ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը՝ ՀՎ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՕՐՕ դաշինքը, Կոմկուսը, «Ազատ դեմոկրատները» եւ ԵԼՔ դաշինքը կա՛մ խուսափողական, կա՛մ ոչինչ չասող ձեւակերպումներ են ներկայացրել ծրագրերում:

Այսօր արդեն վարչապետ Փաշինյանը, փաստորեն, հրապարակավ հանգել է բաց խոսելու տարբերակին, որովհետեւ տեսնում է, որ հակառակ դեպքում դավադրության տեսության սիրահար քարոզիչները այդ զենքն իր դեմ են օգտագործում: Հենց այդ է պատճառը, որ Փաշինյանը նաեւ այսպիսով ձեռնոց է նետել քաղաքական դաշտի մյուս բոլոր խաղացողներին. քաղաքական պայքարում Ղարաբաղյան հարցի շահարկումները դադարեցնելու, այդ զենքը չեզոքացնելու համար Փաշինյանը հարցնում է բոլորին՝ բոլորդ ներկայացրեք ձեր մոտեցումները, ինչպե՞ս եք պատկերացում լուծումը: Նա փորձում է բոլորին ստիպել՝ թոթափել տարիներով հղկված պաթոսը, եւ գործնական տեսակետներ ներկայացնել: Սակայն, ակնհայտորեն, նա դա չի անում այն պատճառով, որ կարծում է, թե մի շարք այլ քաղաքական ուժեր լուծման ֆանտաստիկ պլաններ ունեն, բայց դրանք գաղտնի են պահում, նա դա անում է՝ քաղաքական հակառակորդներին եւ, առաջին հերթին՝ նախկին իշխանություններին զինաթափելու համար:

Այդ առումով նա ճիշտ ուղղության վրա է, մնում է միայն այդ զինաթափության գործընթացն արագացնելու համար հրապարակել մինչ այժմ բանակցված բոլոր փաստաթղթերը նաեւ, որպեսզի հանրությունն ի վերջո բաց անի աչքերը, տեսնի, թե ինչպես են իրեն ավելի քան 20 տարի բացահայտ ստել, ինչպես են որոշ քաղաքական գործիչներ խաղացել մարդկանց զգացմունքների եւ հայրենասիրության վրա, հասկանա ի վերջո, թե ինչ է հնարավոր եւ ինչ է անհնար անել, եւ դուրս գա ծայրաստիճան վտանգհավոր ու չարչրկված այդ հակաքարոզչական փոսից՝ թե՛ հանուն Ղարաբաղի ապագայի եւ թե՛ հանուն նրա, որ թույլ չտա ինչ-որ մարդկանց նորից մանիպուլացնել իրեն՝ այդ հարցը շահարկելով քաղաքական վերադասավորումներ անելու համար:

Քրիստինե Խանումյան 

 

 

Նախորդ հոդվածը‘Լեզվի կոմիտեի հորդորակը՝ չակերտների մասին’
Հաջորդ հոդվածը‘Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Ստամբուլում’