‘
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պնդում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից առանձին չի գործում: Կառավարության նիստից հետո լրագրողները Քոչարյանից հետաքրքրվել են՝ արդյոք Ռուսաստանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցի ընթացքում իր հետ բերելու է ինչ-որ առաջարկություններ:
«Անընդհատ դրա մասին խոսվում է: Ռուսաստանի ԱԳ նախարարն առանձին չի գործում, նա գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի շրջանակում, այդ տեսակետից՝ մի փոքր տարօրինակ է, երբ փորձում են անընդհատ առանձնացնել, առավել եւս, որ անձամբ Լավրովը դա (առանձին գործելը-հեղ.) մի քանի անգամ հրապարակային հերքել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Քոչարյանը:
Նա նաեւ նշել է, որ Լավրովի այցը կապված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ՝ միաժամանակ ավելացնելով, որ արտգործնախարարն ազատ է նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկելու ցանկացած հարց, առավել եւս՝ նման կարեւոր թեմա: Լավրովի այցը Հայաստան նախատեսված է նոյեմբերի վերջին տասնօրյակում:
‘