‘ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին խոսելիս, նախ, պետք է ազնիվ լինել’

15582

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման (կարգավորմա՛ն, ոչ թե հիմնախնդրի) էությունը, ինչպես ցույց է տվել եւ տալիս ժամանակը, այդպես էլ այնքան էլ ճիշտ չի ընկալվել հանրության լայն շրջանակների կողմից, եւ հենց այդ պատճառով էլ հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են կարգավորման համատեքստում իրար հակասող հայտարարություններ եւ տեսակետներ ներկայացնել` չհասկանալով անգամ երբեմն, որ դրանք իրականում հակասական են, որովհետեւ ընդամենը զգայական դաշտից են: Եւ դա հերթական անգամ առավել ակնառու երեւաց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:  

Ամենամեծ խնդիրն այն է, սակայն, որ նման վարք են դրսեւորում հաճախ նաեւ քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն ունեցող անձինք, որոնց մեծ մասը, թերեւս, խաղալով մարդկանց հուզականության վրա, գիտակցաբար է նրանց գցում մոլորության մեջ` քաղաքական էժան դիվիդենտներ ստանալու ակնկալիքով: Ու իրականում հենց վերջիններիս շնորհիվ էլ հասարակությունն արդեն ավելի քան 15 տարի կտրվել է իրականությունից եւ բանակցային պրոցես ասելով, ցավոք, հասկանում է ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ կցանկանար, որ լիներ:

Հենց այդ պատճառով էլ այսօր կարող ենք գտնել հազարավոր մարդկանց, ովքեր, մի կողմից, կարող են ասել, որ Ղարաբաղի հարցում կա մեկ սկզբունք` «ոչ մի թիզ հող», եւ միաժամանակ նշել, որ իրենք կողմ են բանակցություններին, կգտնենք բազմաթիվ մարդկանց, ովքեր միաժամանակ ե՛ւ բանակցություններին են դեմ, ե՛ւ պատերազմին: Խնդիրն, անշուշտ, այն չէ, թե կարծիքներից մեկը առավել լավն է, քան մյուսը, կամ որ նրանցից մեկը սխալ է, այլ այն, որ մարդիկ, ի վերջո, պարզ հասկանան, թե իրենց ուզածը ինչ է իրականում, եւ որն է դրա հետեւանքն ու այլընտրանքը` կեղծիքն իրականությունից տարբերելու համար: (Թյուրըմբռնումներից խուսափելու համար, թերեւս, ասեմ, որ որպես քաղաքացի՝ իմ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ էլ «ոչ մի թիզ հողն» է, ասել կուզի` կցանկանայի այնպես լիներ, որ մենք անգամ մեկ միլիմետր հող զիջելու կարիք չունենանք` ԼՂՀ անկախությունը ստանալու դիմաց, բայց դա այս պարագայում այլ հարց է, ես չէ՞որ ընդամենը մի շարքային քաղաքացի եմ, եւ ոչ քաղաքական գործիչ):

Որովհետեւ հենց այդ կեղծիքների արդյունքում է, որ մարդկանց մի մասի մեջ կարծիք է ձեւավորվել, թե ՀՀ առաջին նախագահի օրոք «Ղարաբաղը ծախվում/հանձնվում էր», իսկ հետո եկան Ղարաբաղը փրկողները, որոնք ոչ մի միլիմետր հող չեն զիջելու: Ինչպե՞ս մարդկանց մեջ արմատավորեցին այս մտայնությունը. շատ պարզ, օգտվելով հանրության հետ առաջին իշխանության անկեղծությունից ու ազնվնությունից, որը հասարակությանը ներկայացնում էր, թե ինչ է իրենից ենթադրում կարգավորման այս կամ այն պլանը եւ կարգավորումն ինքնին, եւ կեղծելով բանակցային գործընթացում իրենց մասնակցության ժամանակ ներկայացված նախագծերը` դրանք ներկայացնելով բանակցային ցանկացած գործընթացի տրամաբանությանը հակառակ, ներկայացնելով դրանք մոտավորապես այսպես. ոչինչ չենք տալիս`ամեն ինչ ստանում ենք:

Բնական է, որ բանակցային գործընթացից քիչ թե շատ հասկացող մարդուն միանգամից պիտի որ պարզ լիներ, որ այստեղ մեծ կեղծիք կա, բայց ոչ նրանց համար, ովքեր չեն պատկերացնում մի պարզ բան` իսկ ի՞նչ ասել է բանակցություն ընդհանրապես:

Եկեք խոսենք

Բանակցությունը խնդրի համատեղ լուծում գտնելու որոնման ձեւ է: Դա դոգմա է: Հակամարտության դեպքում` պատերազմի այլընտրանքը: Եւ ամենակարեւորը. եթե հակամարտության կողմերը նստում են բանակցությունների, դա նշանակում է, որ նրանք գալիս են կարգավորման իրենց պատկերացումներով եւ ցանկություններով, սկսում են համադրել դրանք (մեր դեպքում՝ Մինսկի խմբի միջնորդությամբ), եւ երբ պարզ է դառնում, որ երկու կողմերն էլ ցանկանում են ԱՄԲՈՂՋԸ, բայց բանակցությունները շարունակվում են, ապա ուզած-չուզած սկսվում է քննարկում` ով ինչ է պատրաստ զիջել` ինչը ստանալու դիմաց: Լա՞վ է սա, թե վատ՝ այլ հարց է, բայց դա է ցանկացած բանակցության էությունը: Իսկ եթե դու դա չես քննարկում, նշանակում է` դուրս ես գալիս բանակցություններից, իսկ քանի դեռ քննարկում ես` ուրեմն, ընդունում ես, որ կարգավորումը պիտի լինի բանակցային տրամաբանության մեջ: Ընդունված է համարել, որ բանակցությունները կարող են երկու դրսեւորում ունենալ` փափուկ եւ կոշտ: Առաջինի դեպքում կողմերը իրար զիջում են այնքան, մինչեւ գտնեն կոմպրոմիսը, երկրորդի դեպքում` ամեն գնով սեփական տեսակետը պնդելն է` հույսով, որ դիմացինդ կզիջի քեզ: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, չէ՞, որ ԼՂ հարցով բանակցություններում, որտեղ ներգրավված են նաեւ գլոբալ երեք կարեւոր խաղացողներ` իրենց սեփական շահերով, ամբողջը ստանալու փորձ կարող է կատարել բանակցություններում միայն այնպիսի մի կողմ, որն ունի այդպիսի քայլ անելու մեծ ռեսուրսներ, այսինքն՝ ավելի մեծ ռեսուրսներ, քան միջնորդները: Մեր դեպքում, սակայն, ոչ Հայաստանն է ԱՄՆ, ոչ էլ` Ադրբեջանը:

Ինչն ինչով

Եթե երկու բառով փորձեինք նկարագրել, թե ինչպես են ընթանում բանակցությունները, դա այնքան էլ բարդ չէր լինի, անգամ եթե մենք անմիջականորեն դրանց չենք մասնակցում, որովհետեւ կա ընդհանուր տրամաբանություն: Մեր խնդրո առարկա հարցի պարագայում դա, կարելի է ասել, տեղի է ունենում մոտավորապես այսպես. միջնորդները հարցնում են հայկական կողմին կամ կողմերին` նորից չպատերազմելու համար ի՞նչ եք ուզում: Մենք ասում ենք` նախկին ԼՂԻՄ-ի եւ հարակից 7 շրջանների անկախությունը: Ապա նույն մարդիկ հարցնում են Ադրբեջանին` դո՞ւ ինչ ես ուզում: Ասում է` նախկին ԼՂԻՄ-ի եւ հարակից շրջանները՝ իմ կազմում: Կոնտակտ չկա: Լավ, ասում են միջնորդները, հայեր` ձեզ համար էդ պահանջի մեջ ո՞րն է ամենակարեւորը: Հայերս, ենթադրենք, ասում ենք` Ղարաբաղի ժողովրդի անկախությունը եւ անվտանգությունը: Հետո նույն հարցը տալիս են ադրբեջանցիներին: Սրանք էլ, ենթադրենք, ասում են` դե սկզբի համար՝ 7, կամ 5, կամ 3 (թիվն էական չէ) շրջանների զիջումը մեզ: Հետո նորից միջնորդները հարցնում են, ասենք` հայեր, դուք ձեր հիմնական պահանջը ստանալու համար ի՞նչ եք պատրաստ զիջել: Հետո նույն հարցը տալիս են ադրբեջանցիներին, ու այսպես այնքան, մինչեւ կետ առ կետ համաձայնություն լինի, եւ մինչեւ հասկանան, թե որտեղ կարելի է գտնել շփման եզր: Եթե տեսնում են՝ ինչ-որ հարցի շուրջ համաձայնություն կա, իսկ մեկ այլ հարց ավելի զգայուն է, եւ ոչ մի կերպ չի համաձայնեցվում, ապա վերջին հարցը կամ հարցերը, բնականաբար, թողնում են, այսպես ասած, «հետո»-ի համար: Իհարկե, ինչպես արդեն նշեցինք, կան նաեւ միջնորդների շահերը, եւ նրանցից ամեն մեկը կարող է իր համար ձեռնտու պահին կողմերից մեկին «հուշել», որ, օրինակ` այս հարցում այս պահին զիջման չգնաս, կամ` հակառակը: Բայց դրանք, մեծ հաշվով, արդեն դետալներ են, որովհետեւ դրանից հարցի մեծ էությունը չի փոխվում. բանակցային սեղանի շուրջ նստելն արդեն ենթադրում է, որ դու փոխզիջման ես պատրաստ գնալ: Այ, թե ինչքան ես պատրաստ զիջել, ինչպես ու ինչ կստանաս դրա դիմաց՝ դա արդեն կախված է բանակցողի դիրքերից, ուժից, կարողություններից, լեգիտիմությունից, ռեսուրսներից եւ այլն, բայց դա էլ այլ հարց է: Կարեւորն այն է, որ այս դեպքում դու չես կարող ե՛ւ «ոչ մի թիզ հող» պնդել, ե՛ւ նստել ու տարիներով բանակցել:

Չէ, դու իհարկե, կարող ես պնդել, թե քո տեսակետը «ոչ մի թիզ հող»-ն է, բայց եւ պիտի հասկանաս, որ դա նշանակում է` «ես զիջելու ոչինչ չունեմ», իսկ դա էլ նշանակում է դուրս գալ բանակցություններից, ինչն էլ նշանակում է առճակատում-պատերազմ:

Այ հենց սա է ամբողջ մեխը: Այսինքն, քաղաքական գործիչները պարտավոր են ԼՂ հարցում չլղոզել պատճառահետեւանքային կապը, որովհետեւ դա նվազագույնը բարոյական չէ, հատկապես՝ այն մարկանց հանդեպ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ նրանց կեղծ հույսերով չսնեն: Պետք է ազնիվ լինել: Դա նվազագույնն է, ինչ կարող են անել նրանք, ովքեր բանակցում են կամ հավակնում են լինել քաղաքական գործիչ: Նրանք պետք է կարողանան ժողովրդին պարզ ու անկեղծ ասել ոչ միայն իրենց ցանկությունները կամ տեսակետները կարգավորման հարցում, այլեւ դրա հնարավոր հետեւանքները:

Ասենք` ժողովուրդ ջան, բանակցությունները ենթադրում են, ամեն դեպքում, որոշակի զիջումներ, բայց ես` Պետրոս Պողոսյանս, դեմ եմ ցանկացած տեսակի զիջումների, ու քանի որ դա նշանակում է առճակատում, ապա, այո, ես կողմ եմ, որ մեկ անգամ էլ մտնենք պատերազմի մեջ եւ հարցն այդ ձեւով լուծենք վերջնականապես: Ու եթե այդ Պետրոսը պարզ արկածախնդիր չէ, ապա, անշուշտ, նաեւ կհիմնավորի, որ պատերազմի մեջ մտնելով՝ այս ու այս ռեսուրսներով կկապիտուլացնենք հակառակորդին: Լա՞վ կհիմնավորի՝ ժողովուրդն էլ ծափ կտա, կասի, այո՛, տո գրողի ծոցը բանակցություններն էլ, Մինսկի խումբն էլ, գնում ենք կռիվ: Վա՞տ կհիմնավորի՝ կասեն` չէ, եղբայր, անհեռանկար բանի մեջ մտնել չենք ուզում, ցտեսություն:

Նույնն էլ պարտավոր են անել հակառակ տեսակետը կրողները: Կգա Պողոս Մարտիրոսյանը եւ կասի` ժողովուրդ, ես, ցանկանալով ստանալ առավելագույնը, հասկանում եմ նաեւ, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, սակայն քանի որ կարծում եմ, որ պատերազմի մեջ մտնելն արկածախնդրություն է, հետեւաբար՝ կողմ եմ նրան, որ բանակցենք, ինչ-որ բաներ զիջելով` ստանանք ինչ-որ բաներ: Իմ պատկերացրած զիջումների մաքսիմումն այս է, որի դիմաց կարելի է ստանալ սա ու սա: Ու էլի, ժողովուրդը կլսի, ու ինքը կորոշի՝ ուղարկո՞ւմ է այդ մարդուն բանակցությունների, թե ասում է` ցտեսություն, եղբայր, լավ է, մենք գնում ենք կռիվ:

Եւ եթե Պողոսն էլ, Պետրոսն էլ ազնիվ լինեն, ժողովուրդը, ի վերջո, կտեսնի, որ դավաճանությունը ոչ թե անկեղծորեն սեփական տեսակետը ներկայացնելն ու հիմնավորելն է, այլ ժողովրդի հետ ազնիվ չլինելը: Որ իրական դավաճանությունը մի բան ասելն է, մեկ այլ բան անելը: Կտեսնի, որ իրական անբարոյականությունը, փոխզիջումների շուրջ բանակցելով հանդերձ` դրանց մասին լռելն ու այլոց դրանում մեղադրելն է:

Հ.Գ. Ի դեպ, նույն անազնիվ վարքը հանրության հանդեպ ցուցաբերում են նրանք, ովքեր, այսպես ասած` համ մեխին են խփում, համ նալին` պնդելով, թե ճիշտը ստատուս քվոն պահելն է, բայց «ձեռի հետ» էլ մասնակցում կամ մասնակցել են բանակցություններին: Չմոռանանք, որ «Status quo» նշանակում է «իրավիճակ, որում», այսինքն, այս պահին առկա իրողություն, այսինքն` այն պահելը նշանակում է ժամանակ ձգել, որովհետեւ դե- ֆակտո առկա իրավիճակն ամրագրված չէ դե-յուրե: Այսինքն, հիմա թողնենք ամեն ինչ՝ ինչպես որ կա,  հետո կերեւա: Հիշո՞ւմ եք, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը նույնիսկ հայտարարում էր, թե Հայաստանը փակ սահմաններով կարող է ապրել 100 տարի էլ ու զարգանալ: Բայց նույն Օսկանյանի ԱԳ նախարար եղած ժամանակ եւ նրա նախագահ Քոչարյանի օրոք էլ բանակցությունները երբեւէ չեն դադարել: Քոչարյանն էր հենց բազմաթիվ անգամներ, այդ թվում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, հետո՝ Քի Ուեսթում (որտեղ, ի դեպ, բեկման սպասելիք կար) սկզբում հանդիպում հայր Ալիեւի հետ, հետո, այդ թվում Ռամբուեում` որդի Ալիեւի հետ, նրա օրոք սեղանին դրվեց կարգավորման Մադրիդյան տարբերակը: Բայց այդ մարդիկ, ովքեր իշխանության եկան «Ղարաբաղը փրկելու» կարգախոսով` ակտիվորեն տարածելով տեսակետը, թե կարգավորման հարցում ամեն ինչ այսպես էլ պիտի մնա, ազնվություն չունեցան երբեւէ բաց հայտարարելու, որ իրենք բանակցում են այնպես, ինչպես իրենց նախորդները, եւ որ անկախ այն հանգամանքից, թե իրենց բանակցված տարբերակը ինչպես էր կոչվում (փուլային, թե փաթեթային), իրենք եւս եղել են փոխզիջման կողմնակից, եւ որ իրենց օրոք ակտիվորեն շրջանառվող քարոզչական «ոչ մի թիզ հողը» ընդամենը սիրուն միֆ էր: Ասել կուզի՝ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ բանակցել են փոխզիջումային տարբերակով: Այլ բան, որ եթե սկզբում դրան, որպես լիիրավ կողմ, մասնակից էր նաեւ Ղարաբաղը, հետո բանակցությունները դարձան երկկողմ` զիջումների առավել շատ տեղ թողնելով, ժամանակի ընթացքում ռեսուրսներ վատնելով, եւ լեգիտիմության ու ժողովրդավարության պակասի կամ բացակայության պատճառով ավելի ու ավելի թույլ դիրքերից շարունակելով հետագա բանակցությունները: 

Հ.Հ.Գ. Ապրիլյան պատերազմից հետո թերեւս ժամանակն է, որ քաղաքական բոլոր ուժերն ու գործիչները վերջապես դադարեն շահարկել ԼՂ հիմնախնդիրը` սեփական քաղաքական ամբիցիաների համար, եւ ի վերջո, գոնե մեկ անգամ ազնիվ լինեն: Չի կարելի խաղալ մարդկանց հայրենասիրական զգացմունքների վրա: Պետք է, ի վերջո, հստակեցվի, թե ովքեր են կարծում, որ փոխզիջումներով է հնարավոր հասնել խաղաղության, իսկ ովքեր` պատերազմով: Մնացածն արդեն ժողովուրդը կորոշի:

Քրիստինե Խանումյան

 

 

Նախորդ հոդվածը‘Չինաստանի կոմկուսի անդամները պետք է սահմանադրական գիտելիքների թեստ հանձնեն’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Հարաբերական հանգիստը պահպանվել է’