‘Լյուդմիլա Սարգսյանը Աժ-ում բարձրացրեց ոստիկանության կարի արտադրամասի աշխատողների խնդիրը ‘

1223

Աժ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց կառավարությանը՝ ոստիկանության ենթակայության տակ նախկինում գործող կարի արտադրամասի վերաբերյալ: Տիկին Սարգսյանը նշեց, որ դեռ գարնանն էր բարձրացրել այս հարցը, և այն ժամանակ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել էր, թե իր ուշադրության կենտրոնում կպահի հարցը և կաշխատեն լուծում գտնել: «Ուզում եմ տեղեկացնել, որ ինչ-որ կարգադրություն արվել է, բայց ոչինչ տեղից չի շարժվել, կա մեկ տարվա աշխատավարձի պարտք, ձեռնարկությունը լուծարման եզրին է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը: Հարցին պատասխանեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ով նշեց, թե եթե ըստ օրենքի որևէ տնտեսվարող սուբյեկտ ունի հարկային պարտավորությունների պարտք և դրա մարման հետ կապված չի ներկայացնում առաջարկություններ, ապա իրենք «պարտավոր են կալանք առաջադրել հաշիվների նկատմամբ»: «Եթե այն 30 տոկոսի չափով չի մարել հարկային պարտավորությունը, չենք կարող ժամանակացույց սահմանել»,- հայտարարեց Խաչատրյանը: Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց. «Այսինքն, քաղաքացիական օրենսգիրքը ձեզ համար գերակա չէ՞, որովհետև արդարադատության նախարարությունը փաստել է, որ լուծարման պրոցեսում նախևառաջ մարում են աշխատավարձի մասով պարտքը: Այդ մարդիկ ինչո՞վ են մեղավոր, եթե ոստիկանությունը, որին պատկանել է այդ ընկերությունը ոչ մի կեպ չի կարող այդ խնդրին լուծում տալ»: Ի պատասխան Խաչատրյանը հայտարարեց միայն, թե «եթե կգտնեք օրենսդրական որևէ կարգավորում, պատրաստ ենք ձեզ հետ քննարկել»:

Նախորդ հոդվածը‘Շիրակում երեխայի առքուվաճառքի դեպք է արձանագրվել. Հարուցվել է քրգործ’
Հաջորդ հոդվածը‘«Ռուսական երկաթուղիների» տնօրեն. Աբխազական երկաթուղին կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար’