‘Լյուդմիլա Սարգսյան. Առողջությունը ազգային անվտանգության խնդիր է’

690

Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

Առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից մեկը դեղերի որակի հիմնախնդիրն է: Ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի և դեղահումքի ներմուծման, գրանցման, պետական գնումների միջոցով ձեռք բերելու ընթացքում առկա կոռուպցիոն ռիսկերին: Հաճախ շուկայում հայտնվում են դեղեր, որոնք չեն համապատասխանում որակի բավարար չափանիշներին և շրջանառության մեջ մտնում են ներմուծողների կամ արտադրողների ազգակցական կապերի կամ քաղաքական հովանավորչության արդյունքում:

Ցածրորակ դեղերի ներմուծումը մեծ չափով վերաբերում է հոգեմետ դեղերին և ինսուլինին: Օրենսդրական որոշ բացերի և թերացումների հետևանքով պետական գնումների միջոցով ձեռք են բերվում դեղեր այնպիսի երկրներից, որտեղ չկան դեղերի որակի ապահովմանն ուղղված բավարար պայմաններ: Արդյունքում՝ պետպատվերի շրջանակներում բնակչությանը տրամադրվում է դեղորայք, որը կամ չի բարելավում հիվանդի առողջական վիճակը, կամ է՛լ ավելի է վատթարացնում:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մամուլում հայտարարեց, որ մշակվել և կառավարություն է ներկայացվել դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա կանոնակարգել դեղի շրջանառության ողջ կենսաշղթան` արտադրությունից, ներկրումից մինչև սպառող, և նշել, որ դեղերի ոլորտում իր համար անկարևոր հարցեր չկան: Ուզում եմ հույս հայտնել, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ իրապես կկանոնակարգվեն և կլուծվեն կուտակված խնդիրները:

Հարկ եմ համարում ընդգծել որոշ հարցեր, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Օրինակ, ասիական երկրներում, շատ հաճախ՝ Հնդկաստանում գրանցված որևէ դեղամիջոց ներկրվում է Հայաստան, ապա անցնում ընդամենը լաբորատոր-քիմիական փորձաքննություն և դեղ-գործակալությունում գրանցվում՝ որպես շրջանառության ենթակա դեղամիջոց, որից հետո այդ դեղամիջոցը, իր ցածր գնի շնորհիվ, հաղթում է պետական գնումների մրցույթում և տրվում հոգեկան խնդիրներ ունեցող կամ շաքարային դիաբետով տառապող մեր հայրենակիցներին: Անհրաժշտ է այս շղթան կտրել՝ թե՛ օրենսդրական կանոնակարգման և թե՛ հետագա թափանցիկ գործելաոճի միջոցով:

Լիարժեք կարգավորված չէ նաև դեղերի գրանցման ընթացակարգը, որտեղ հաճախ հաշվի չի առնվում գրանցվող դեղի կենսա-համարժեքության  հարցը՝ ինչպե՞ս է կոնկրետ դեղամիջոցը նպաստում հիվանդի առողջական վիճակի բարելավմանը: Պատասխանը կարող է տալ միայն կլինիկական լուրջ փորձաքննությունը, այսինքն՝ մարդկանց վրա դեղի փորձարկումը, և ոչ՝ պարզապես դրա քիմիական բաղադրության ստուգումը:

Ազգի առողջությունը ազգային անվտանգության խնդիր է, և պետության վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ ուղիղ վկայությունն է նրա լրջության աստիճանի: Չմոռանանք նաև, որ հատկապես այսօրվա աշխարհում միշտ կա բիո-ահաբեկչության վտանգ:

 

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է»’
Հաջորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Մեր երկրին պետք են արդար ընտրություններ եւ ազնիվ իշխանություններ (տեսանյութ)’