‘Լյուդմիլա Սարգսյան. Իշխանափոխության գործընթացն ավելի է արագանում’

1692

Այն իշխանությունը, որը խրախուսում եւ արդարացնում է երկրում քրեական դրսեւորումները, մի օր քաղելու է դրա դառը պտուղները, iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:  

Նրա խոսքով, հանրային դմքերի դեմ բռնություն հրահրող եւ կազմակերպող մարդիկ նույնիսկ չեն էլ հասկանում, թե այս ամենն ինչ հետեւանքներ կարող է ունենալ: «Սա խոսում է նաեւ այն բանի մասին, որ նման իշխանությունը երկար չի կարող գոյատեւել, քանի որ այն իմաստից զուրկ է», — ասաց տիկին Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով, ընդդիմությունն ամեն դեպքում պետք է ավելի համախմբվի, որովհետեւ բռնության հնարավոր հետագա դեպքերը սպառնում են բոլոր ուժերին:

«Մեծ համախմբման արդյունքում մենք կարող ենք կանխել այն, ինչ տեղի է ունենում: Կարծում եմ, որ իշխանափոխության գործընթացն ավելի է արագանում, եւ մնում է ուղղակի ավելի լավ կազմակերպվել եւ ազատվել այն իշխանությունից, որը երկրում չի կարողանում իրավիճակը վերահսկել, որը պատասխանատու է ժողովրդի անմխիթար վիճակի համար եւ վիճակը ուղղելու որեւէ կարողություն ու ցանկություն չունի: Որովհետեւ այս վիճակը մինչ օրս իրենց ձեռնտու է եղել: Ըստ իրենց տրամաբանության՝ ինչքան աղքատ, ինչքան ունեզուրկ, այնքան ավելի կախյալ», — նշեց պատգամավորը:

 Նրա խոսքով, մարդը, որը ոչինչ չունի կորցնելու, դուրս է գալիս փողոց, եւ փորձում է այլ ճանապարհով խնդիրները լուծել: Տվյալ դեպքում, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, ժողովուրդն արդեն այդ վիճակում է:

 

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետի կուսակցությունը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն քննադատում է Թուրքիային` ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա հարձակումների համար’