‘Լյուդմիլա Սարգսյան. Պետք է ընդդիմանալ նման որոշմանը’

2082

iLur.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը

— Տիկին Սարգսյան, ԱԺ ՀԱԿ խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներն ու այլեւս այնտեղ ներկայացուցիչ չնշանակել: Նախորդ քառօրյայում ՀԱԿ ներկայացուցիչը դուք էիք, նաեւ հանձնաժողովի փոխնախագահն էիք, ուստի՝ ինչպես եք մեկնաբանում խմբակցության որոշումը:

— Մասնակցելով էթիկայի հանձնաժողովի այդ նիստերին՝ ես հասկացել եմ, որ ընդդիմությունն այնտեղ քննարկելու, առավել եւս՝ արդար վճռի հասնելու հնարավորություն չունի: Սա այն բանից հետո, երբ փոխվեց էթիկայի հանձնաժողովի համամասնությունը: Իշխանությունը տեսավ, որ միակ հանձնաժողովը, որտեղ իրենք լիակատար տիրապետություն չէին հաստատել, ԱԺ-ի էթիկայի հանձնաժողովն է, եւ իրենք որոշեցին այն եւս վերահսկելի դարձնել: Պատճառը մեկն է՝ այնտեղ հիմնականում քննարկվում են իշխանական պատգամավորների կողմից էթիկայի խախտումները, որովհետեւ ընդդիմադիրները, սովորաբար, կոռեկտ են ու չափի մեջ: Այնպես որ, իշխանությունները գերազանց իմանալով իրենց պատգամավորների վարքն ու բարքը, հասկացան՝ խնդիրը կարող է վերահսկելիությունից դուրս գալ: Փոխեցին համամասնությունը ապօրինաբար, որովհետեւ նախկինում ամեն խմբակցությունից մեկական ներկայացուցիչ կար, եւ խմբակցությունների իրավահավասարությունը պահպանվում էր, իսկ հիմա, երբ ՀՀԿ-ն երկու հոգով է ներկայացված, ամեն ինչ այլ է: Նման համամասնության դեպքում, կարծում եմ, մեր մասնակցությունն այդ հանձնաժողովին այլեւս անիմաստ է: Ուրախ կլինեի, եթե մեր օրինակին հետեւեին նաեւ ոչ կոալիցիոն մյուս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն: Թող ՀՀԿ-ն հասկանա, որ իր սխալ որոշումների արդյունքում ձախողում է այդ հանձնաժողովի աշխատանքները, թող ՀՀԿ-ն հասկանա, որ իրավունք չուներ նման քայլի գնալու:

Այնուամենայնիվ, երբ դիտում ես հաձնաժողովի կազմը, հետեւյալ համամասնությունն է՝ երեք կոալիցիոն պատգամավոր է, երեք ընդդիմադիր եւ մեկը՝ այլընտրանք համարվող ԲՀԿ-ից:

— Ես ինքս անձամբ տեսել եմ՝ երբ մենք երկուսն էինք, իրենք չորսը: Հիմա անուններ չեմ ուզում տալ: Բայց կարծում եմ՝ շատ ավելի ազնիվ ու տրամաբանական կլինի, եթե մյուս ոչ կոալիցիոն ուժերը եւս հասկանան՝ սա այն դեպքն է, որ պետք է ընդդիմանալ նման որոշմանը, միասին բոյկոտել էթիկայի հանձնաժողովը: Թող ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն իրենք քննարկեն իրենց պատգամավորների վարքն ու բարքը:

— ՀԱԿ-ի բոյկոտը, ձեր կարծիքով, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ:

— Մենք այդպես մեր հստակ դիրքորոշումն ու բողոքն ենք հայտնել քաղաքական մեծամասնության կողմից համամասնության փոփոխման դեմ: Սա շատ լուրջ եւ կշռադատաված քայլ է, որին դիմեցինք երկար քննարկելուց հետո: Այդպես ցույց ենք տալիս, թե որքան անիմաստ կառույց է դարձել էթիկայի հանձնաժողովը:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Վտանգավոր մտադրություն Խաչիկ Ասրյանի կողմից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին ՉԼ-ում սահմանեց հեթ-տրիկների ռեկորդ (տեսանյութ)’