‘ Լոնդոնի քաղաքապետը Մեծ Բրիտանիայի փոխվարչապետին «պահպանակ» է անվանել’

809

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտնի է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիլ Քլեգի հասցեին իր ոչ միանշանակ որակումներով և խիստ քննադատությամբ: LBC ռադիոկայանին տված հարցազրույցում նա հերթական անգամ վիրավորել է Քլիգին՝ նրան անվանելով «անվճռականությունից և անկայունությունից տատանվող ժելե», ապա նրան անվանել է «պահպանակ»:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի: Ջոնսոնը հայտարարել է, որ Քլեգը յուրօրինակ վահանի դեր է կատարում վարչապետ Դևիդ Քեմերոնի համար: «Չեմ կարծում, թե ես ուզում եմ լսել՝ ինչ նկատի ունեք»,- շտապել է նրան ընդհատել ռադիոկայանի լրագրողը, սակայն Ջոնսոնը շարունակել է. «Դա իրոք այդպես է: Նա ծառայում է Քեմերոնին՝ նրան պաշտպանելով բոլոր բարդ ու անսովոր որոշումներից: Այսինքն՝ նա պահպանակ է», -եզրակցրել է Ջոնսոնը: Փոխանցում է Interfax-ը:

Նախկինում Ջոնսոնը հայտարարել էր, որ Քլեգը «սահմանադրության փոքրիկ դեկորատիվ մի մասնիկ է» և նրան անվանել էր «դեղին ալբատրոս»:

Պահպանողական Բորիս Ջոնսոնը աշխարհի ամենաէքսցենտրիկ քաղաքական գործիչներից է, երգիծաբանների սիրելի թիրախը: Հենց նրա օրոք է Լոնդոնում սկսել աշխատել հեծանիվների վարձույթի համակարգը: Քաղաքապետն ինքը աշխատանքի է գնում հեծանիվով՝ անձնական օրինակով ցույց տալով, որ դա միանգամայն արդյունավետ տրանսպորտային միջոց է նույնիսկ մեգապոլիսի համար, փոխանցում է ria.ru-ն::

Նախորդ հոդվածը‘Էթիկայի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիրանույշ Սահակյանը. Panorama’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2013-ի հունվար-նոյեմբերին կրճատվել է 4.3 %-ով ‘