‘Լոնդոնում փլվել է «Ապոլլո» թատրոնի տանիքը. կան տասնյակ վիրավորներ’

640

Երեկ երեկոյան, Լոնդոնի ժամանակով ժամը 20.15-ին (00.15), քաղաքի կենտրոնում գտնվող «Ապոլլո» թատրոնում ընթացող ներկայացման ժամանակ փլվել է շենքի տանիքի մի մասը, ինչի հետևանքով տուժել է առնվազն 76 մարդ, հաղորդել է Լոնդոնի քաղաքային ոստիկանությունը: Նրանցից առնվազն յոթի վիճակը ծանր է:

Աղետի ժամանակ թատրոնը լեփ-լեցուն է եղել հանդիսատեսներով, որոնք եկել էին «Շան առեղծվածային գիշերային սպանությունը» ներկայացմանը: Ականատեսների վկայությամբ՝ տանիքի փլվելուց առաջ «ճռռոց» է լսվել: Հրշեջները տեղեկացրել են, որ բոլոր մարդիկ դուրս են բերվել փլատակների տակից: Ըստ հրշեջ ծառայության մամլո քարտուղարի՝ ներկայացմանը ներկա է եղել ավելի քան 700 մարդ:

Թատրոնի սեփականատեր Nimax Theatres ընկերությունը, որին են պատկանում Վեստ-Էնդում գործող ևս հինգ թատրոններ, խոստացել է, որ մանրակրկիտ կուսումնասիրվեն վթարի պատճառները:

«Ապոլլո» թատրոնը, որ նախատեսված է 775 հանդիսատեսի համար, կառուցվել է 1901 թ., փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ազատ է արձակվել հայտնի գործարարը’
Հաջորդ հոդվածը‘ Կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ Ժառանգությունը դեմ կքվեարկեն գազային համաձայնագրերին, ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը’