‘Լոնդոնում քննարկել են Հայաստանի հանքարդյունաբերության թափանցիկության խնդիրը ‘

698

Նոյեմբերի 1-ին Լոնդոնում կայացել է «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) նախաձեռնության 2013թ. գագաթնաժողովը, որին մասնակցել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գագաթնաժողովի հիմնական նպատակն էր ի մի բերել ԲԿԳ գործունեության առաջին երկու տարիների արդյունքները:

Գագաթնաժողովի շրջանականերում փոխնախարար Աշոտ Հովակիմյանը մամլո ասուլիսի եւ ելույթի միջոցով ներկայացրել է Հայաստանի գործողությունների նոր ծրագրի` կառավարության կողմից առաջարկվող ընդհանուր դրույթները: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի 2014-16 թթ. կարեւորագույն հանձնառություններից մեկին, հանքարդյունաբերության բաց շտեմարանի ստեղծմանը, որի նպատակն է թվայնացնել եւ հասարակությանը հասու դարձնել ՀՀ երկրաբանական գործակալության արխիվներն ու տվյալները: Հանձնառությունն արձագանքում է առաջիկա տարիների համար ԲԿԳ գործընթացում հայտարարված հինգ առաջնայնություններից մեկին, բնական պաշարների օգտագործման ոլորտում թափանցիկության ապահովմանը: Նախարարի տեղակալ Հովակիմյանը նաեւ շեշտել է, որ ՀՀ կառավարությունն անելու է ամեն հնարավորը` ԲԿԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման ծավալն ու արդյունավետությունն ընդլայնելու համար:

Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցել են Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնը, արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին (հեռուստակամրջի միջոցով), բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի հրաժարականի ձնագունդը գլորվում է’
Հաջորդ հոդվածը‘Մայքլ Օուեն. «Ոսկե գնդակը» կստանան Մեսսին կամ Ռոնալդուն’