‘«Լոռի» ՀԸ գլխավոր խմբագրի ներկայացուցիչները փորձագիտական եզրակացության պատճենն ստանալու պահանջով դատարան են դիմել’

2274

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, 2017 թ. հոկտեմբերի 23-ին վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներին տրամադրել  դատահետքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը:

Այն եզրակացությանը ծանոթանալու հնարավոր տարբերակներից մեկն է և դրա իրավունքը, համաձայն ՀՀ Քրեական դատարավարության օրենսգրքի դրույթների, տուժող կողմն ունի: Հիշեցնենք՝ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է Նարինե Ավետիսյանի լրագրողական, մասնագիտական գործունեությունը, երբ վերջինս փորձել է նկարահանել հորդառատ անձրևի տակ իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:

Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ու Կազմակերպության փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժողի ներկայացուցիչներ և մի շարք միջնորդություններ ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին: Քրեական գործի շրջանակում նշանակված դատահետքաբանական փորձաքննության արդյունքներին տուժող կողմը ծանոթացել է 2017 թ. հոկտեմբերի 23-ին, սակայն վարույթն իրականացնող մարմինը, յուրովի մեկնաբանելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, հրաժարվել է եզրակացության պատճենը տրամադրել տուժող կողմին:

Դրանով վերջինս զրկվել է եզրակացությունը մանրակրկիտ ուսումնասիրելու և համապատասխան միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից և հայտնվել անհավասար պայմաններում: Այս հիմնավորումներով տուժող կողմի բողոքը Լոռու մարզի դատախազի տեղակալ Գ. Մանուկյանը մերժել է, տուժող կողմը դիմել է դատարան: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակված առաջին դատական նիստը դատախազ Գ. Մանուկյանի միջնորդությամբ հետաձգվեց: Վերջինս գտնվում է արձակուրդում և խնդրել էր բողոքը քննել իր արձակուրդի ժամկետը լրանալուց հետո:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սամվել Բաբայան. Այս երկրում մեկ հոգի է պատվիրում’
Հաջորդ հոդվածը‘Մյանման դիմավորում է Ֆրանցիսկոս պապին’