‘Լոռու մարզում բնակարանաշինության ծրագիրը ընդհատվել է’

575

Լոռու մարզում աղետի գոտու բնակարանաշինության ծրագիրը մոտ մեկ տարի է կանգնած է։ «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, մարզի համայնքներում վերջին շրջանում շինարարություն չի իրականացվել, չնայած պետական ծրագրով նախատեսված էր մարզի 33 համայնքներում շինարարությունն ավարտել մինչ 2013 թվականը։ 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանն, անդրադառնալով կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատանքներին, «Ազատությանը» փոխանցեց, որ որոշ փաստաթղթային խնդիրների պատճառով մարզում ընկերությունը աշխատանքը կվերսկսի 2014 թվականին։
«Եվ քանի որ որոշ խնդիրներ էին առաջացել Գյումրիում, «Գլենդել Հիլզը» ամբողջ իր ուժը տեղափոխեց Գյումրի, որպեսզի ավարտեն և տեղափոխվեն Լոռու մարզ»,- պարզաբանեց մարզպետը։
«Գլենդել Հիլզը», ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, նշեց, որ աշխատանքները չեն դադարել, այլ դանդաղել են։ Իսկ թե ինչ պատճառներով են դանդաղել, ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից ռադիոկայանին միայն ասացին, որ Լոռու մարզում բնակարանաշինությունն ընթանում է սահմանված ժամանակացույցի համաձայն։

Նախորդ հոդվածը‘Դատախազը Փոստանջյանի բողոքը հերքող ապացուցներ չունի’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Իրանի ժողովրդի իրավունքներն անտեսող ցանկացած համաձայնագիր դատապարտված է ձախողման’