‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք հույս ունի, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում իր թիմի մրցակից «Ռեալը» միավորներ կկորցնի:
«Ես այստեղ չեմ մրցակիցներիս կարողությունների մասին խոսելու համար: Մենք կենտրոնացած ենք մեր միավորները վաստակելու վրա: Եթե մենք հաղթենք մնացած խաղերում, ապա նշանակություն չի ունենա, թե ինչ կանի «Ռեալը»: Բնականաբար, ես ցանկանում եմ, որ մեզ հետևողները` այս պարագայում «Ռեալը», միավորներ կորցնի»,-Էնրիկեի խոսքերը փոխանցում է «AS»-ը:
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնայի» մրցակիցը «Կորդոբան» է, իսկ «Ռեալին» ավելի լուրջ փորձություն է սպասվում` արտագնա հանդիպում «Սևիլյայի» հետ: Այժմ «Բարսելոնան» 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռեալն» ունի 82 միավոր:
‘